Դրամահավաք “մոնստրի” դեմ Աշոտյանն ինչ անի

“Դրամահավաքը մի մոնստր է դարձել, որի դեմ որքան պայքարում ես գլուխը նորից աճում է”,-այսօր ԱԺ-ում 2011 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` որպես օրինակ` նշելով ԱԺ փոխնախագահ , ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի` իրեն ուղղված հարցին: :
ԱԺ փոխնախագահը, մասնավորապես, նկատեց, որ ԿԳ նախարարությունն այն գերատեսչություններից մեկն է, որոնք թափանցիկ են աշխատում ու թեեւ համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազում են, բայց դեռեւս ամբողջությամբ վերացված չեն, ինչը ԱԺ փոխնախագահը նաեւ արժեհամակարգային խնդիր համարեց:
ԿԳ նախարարի խոսքով, տեսականորեն դրամահավաքի դեմ պայքարելու փայլուն մեխանիզմներ են մշակվել, սակայն, տեղերում իրականացման խնդիր կա : “Նախարարը չի կարող բոլոր դասղեկների եւ ուսուցիչների ձեռքը բռնել: Քառասուներեք հազար ուսուցիչ եւ հազար չորս հարյուր տնօրեն ունենք”,-նկատեց Արմեն Աշոտյանն ու հավելեց, որ եթե նրանց երկու երրորդը ապրի այնպես, ինչպես կարգն է, խնդիրները կլուծվեն: Նախարարի խոսքով, խնդիրների մեծ մասն այստեղ է: