Ջհանգիրյանը մարտի 1-ի գործերով նոր հանձնաժողովի մասին նախագիծը կմտցնի ԱԺ օրակարգ
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց 2008-ի մարտի 1-ին սպանությունների եւ վիրավորների գործերով զբաղվող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը, որը պատրաստվում է մտցնել ԱԺ օրակարգ: Հանձնաժողովը պետք է ուսումնասիրի և բացահայտի 2008թ.-ին Երևանում մարտի մեկից-երկուսը կատարված սպանությունները, ՀՀ ոստիկանության ու Գլխավոր դատախազության կազմակերպած միջոցառումների օրինականությունը: Հանձնաժողովում կարող են ընդգրկվել մեկական պատգամավոր յուրաքանչյուր խմբակցությունից:
Ջհանգիրյանը համոզված է, որ այդ սպանություններից մի քանիսը մի քանի օրում կարելի է բացահայտել: ՛՛Քանի որ մենք չկանք գործադիր մարմնում կամ անդամներ չունենք Գլխավոր դատախազությունում, հետևաբար մենք պետք է օգտագործենք այն լծակներն, ինչն ունենք՛՛,-նշեց նա:
Նախկին զինդատախազի խոսքով՝ նախնական բանակցություններ ոչ մի խմբակցության հետ դեռ չի վարվել, սակայն քանի որ բոլոր խմբակցությունները կողմ են այդ սպանությունների բացահայտմանը, ինքն էլ կարծում է, որ նախագիծը կընդունվի: ՛՛ Մենք նախօրոք կիկոսի մահը չենք սարքում, կմտցնենք օրակարգ, կտեսնենք` ինչ է լինում, հետո նոր կասենք, թե ինչ ենք անելու՛՛,-նկատեց բանախոսը, արձագանքելով դիտարկմանը` կընդունվի արդյոք նախագիծը օրենսդիրի կողմից: