Ինչ են քննարկել Պուտինն ու Էրդողանը
Հունիսի 23-ին Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) և Թուրքիայի նախագահների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի՝ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են «Թուրքական հոսք» գազատարի հետ կապված մի շարք հարցեր:
Ըստ թուրքական աղբյուրի` Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ շեշտելով Ռուսաստանի և Թուրքիայի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին, նշել է որ այն դեպքում, երբ այլ երկրների հետ իրականացվող աշխատանքներում համաձայնության հասնելու գործընթացը տևում է տարիներ, ապա Թուրքիայի հետ հարցերը լուծվում են ամիսների ընթացքում: Եվ այդ ամենը տեղի է ունենում Էրդողանի աջակցության շնորհիվ:
Ռուսաստանի նախագահը Էրդողանին ասել է, որ իրենք պատրաստ են ռուսական գազը Թուրքիայի տարածքով արտահանել դեպի hարավային և hարավարևելյան Եվրոպա:
Հիշեցնենք, որ «Թուրքական հոսք» նախագիծն առաջ էր քաշվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ դադարեցված «Հարավային հոսք» նախագծի փոխարեն:
Նախատեսվում էր, որ «Թուրքական հոսք»-ի խողովակաշարի ընդհանուր երկարությունը պետք է լինի 910կմ, որի 660կմ հատվածը պետք է անցներ Ռուսաստանով, իսկ 250 կմ մասը` Թուրքիայով: Ըստ ծրագրի՝ այդ գազատարով պետք է 15.8 մլն խմ բնական գազ Թուրքիայի տարածքով արտահանել եվրոպական երկրներ: Սակայն 2015թ. Սեպտեմբերի նախագծի շուրջ բանակցությունները սառացվել էին: Դրանք վերսկսվեցին 2016-ի օգոստոսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պուտինի հանդիպումից հետո: