Պայքարում են, որ ”օրենքից դուրս” չլինեն
Այսօր կայացած մամուլի ասուլիսին ավտոներկրողներն ու վարորդները հայտարարեցին ազատամարտիկների պայքարին միանալու մասին:
Ազատամարտիկ, լրագրող Սուրեն Սարգսյանը նշեց.”Մեր երկրում բզկտման քաղաքականությունը շարունակվում է և դրա վերջը չի երևում: Անընդհատ խնդիրներ են ու լուծման ճանապարհը թերևս պիտի երկրի հիմքերում կանգնած ազատամարտիկները գտնեն: Այդ ամենից ելնելով` ավտովարորդները և ավտոներկրողները հանդիպեցին մեզ և ընդհանուր խնդիրների շուրջ զրուցեցինք: Այսօր մենք հայտարարում ենք մի կարևոր կառույցի միավորման մասին, քանի որ այս մարդիկ վերջին տարիներին կամ “գռդոնչու” կամ “դալալի” պիտակ ունեն: Էս մարդիկ երբեք չեն կարողանում օրինական դաշտ մտնել: Մեր վարորդները սոսկ վարորդ չեն”:
Հայ ավտովարորդների միավորման ՀԿ համանախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ միանալով ազատամարտի վետերաններին` իշխանափոխության խնդիր չեն դնում.”Մենք փաստորեն օրենքից դուրս ենք, ուզում ենք հարկ վճարել չենք կարողանում , մենք օրենքից դուրս ենք: Հիմա մենք միանում ենք ազատամարտիկներին, որ իրենց ձևավորված կլոր սեղանի միջոցով կամ ձևավորած պայքարի միջոցով մեր ձայնը տեղ հասնի ու մենք էլ կարողանանք օրենքից դուրս չլինել”: