Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ` Վլադիսլավ Տրետյակին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ՛՛Էրեբունի-Երևան 2795՛՛ տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության հոկեյի ֆեդերացիայի նախագահ, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՛՛20-րդ դարի լավագույն հոկեյիստ՛՛ տիտղոսակիր Վլադիսլավ Տրետյակին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը:
Ողջունելով հյուրին և բարձր գնահատելով Երևանի և Մոսկվայի միջև տարբեր ոլորտներում առկա գործընկերային կապերի մակարդակը՝ քաղաքապետը նկատել է, որ մարզական բնագավառում ևս այդ համագործակցությունը պատշաճ մակարդակի է ու էլ ավելի ընդլայնման հեռանկարներ ունի:
՛՛Շնորհակալ եմ, որ մեզ հետ միասին մասնակցեցիք մեր սիրելի քաղաքի ծննդյան օրվա միջոցառումներին և Ձեր ներկայությամբ մեկ անգամ ևս ապացուցեցիք, որ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն իրապես գնահատված է բոլոր ժամանակներում: Նաև համոզված եմ, որ Ձեր նման լեգենդար հոկեյիստի այցն ու տեղի մասնագետների հետ շփումները խթան կհանդիսանան, որ Երևանում ավելի շոշափելի զարգացում ունենան ձմեռային մարզաձևեր՛՛,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի 2795-ամյակի կապակցությամբ սպորտի բնագավառում հայ ռուսական համագործակցության մեջ ներդրած նշանակալի ավանդի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռուսաստանի Դաշնության հոկեյի ֆեդերացիայի նախագահ, խորհրդային անվանի հոկեյիստ, աշխարհի և օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն Վլադիսլավ Տրետյակին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և պարգևի համար` Վլադիսլավ Տրետյակը նշել է.
՛՛Հայաստանում առաջին անգամ եմ և ուրախ եմ, որ այն համընկավ Երևանի 2795-ամյակի տոնակատարությանը: Երևանն իսկապես շատ գեղեցիկ ու պատմական քաղաք է: Համոզված եմ, որ դեռ շատ առիթներ կլինեն այստեղ վերադառնալու, նաև ձմեռային մարզաձևերի զարգացման ուղղությամբ համատեղ ծրագրեր իրականացնելու: Շնորհակալ եմ ու անչափ զգացված այս գնահատանքի համար՛՛:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն