Ամուսինը Նաիրային խփել է ոտքերով, աղջիկները ծաղրել են մորը. Առավոտ
Արա Խաչատրյանը բռնության է ենթարկել կնոջը՝ Նաիրա Սմբատյանին, սակայն դատարանը քրեական գործ հարուցելու համար հանցակազմ չի տեսնում: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Նաիրա Սմբատյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանն անհիմն որոշում համարեց այն, որ ծեծի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կասեցվել՝ մեղավոր անձի անհայտ լինելու հիմքով: Փաստաբանը պատմեց, որ Նաիրա Սմբատյանը պարբերաբար իր ամուսնու՝ Արա Խաչատրյանի կողմից հոգեբանական և ֆիզիկական ճնշումների է ենթարկվել։ Փաստաբանի խոսքով՝ նրանց աղջիկները գտնվել են հոր և նրա ծնողների ազդեցության տակ, և հորը գոհացնելու համար պարբերաբար ծաղրի են ենթարկել մորը։
Նշենք, որ Նաիրա Սմբատյանն ու Արամ Խաչատրյանն ունեն 4 երեխա, որոնցից ամենափոքրը՝ 3 տարեկան որդին, այժմ մոր հետ ապրում է Սմբատյանին իրավաբանական աջակցություն տրամադրող «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի գաղտնի ապաստարաններից մեկում։ 3 աղջիկները, որոնցից ամենամեծը 15 տարեկան է, գտնվում են հոր խնամակալության տակ։ Ստեփան Ոսկանյանը նշեց, որ հունվարի 4-ին Նաիրա Սմբատյանը ծեծի է ենթարկվել.
«Ամուսինը նրան խփել է ոտքերով, և երբ Նաիրան ցանկացել է վերցնել 3 տարեկան որդուն և փախչել, աղջիկներն ընդդիմացել են: Նաիրան բառի բուն իմաստով փախել է տնից՝ անգամ առաջին անհրաժեշտության իրեր չվերցնելով»: Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ դիմել են գլխավոր դատախազին և կրկին մերժում են ստացել: Պարոն Ոսկանյանը պատմեց նաև, որ երբ Նաիրան գտնվել է իր ծնողների բնակարանում, Արա Խաչատրյանն աղջիկների հետ միասին եկել է, փչացրել այդ տան դուռը, սոսնձել այն, տարբեր նյութեր փշրել վրան: Փաստաբանը տեղեկացրեց, որ իրենք վիճարկում են դատական որոշումների օրիկնականության հարցը: Այս պահի դրությամբ իրենց միայն հաջողվել է հասնել նրան, որ գործով շահագրգիռ անձինք՝ Նաիրա Գալստյանն ու Արա Խաչատրյանը, ցուցմունք տան. նիստը տեղի կունենա օգոստոսին: Նաիրա Սմբատյանի փաստաբան Նոնա Գալստյանն էլ տեղեկացրեց, որ իրենք երեխաների բնակության վայրի հետ կապված պահանջ են ներկայացրել դատարան: Այնուհետև մտահոգություն հայտնեց.
«Ցավոք ՀՀ-ում չկա որևէ պատկան մարմին, որը կկարողանա նման իրավիճակներում պաշտպանել երեխաների անվտանգությունը, մինչև դատական որոշման առկայությունը: Նաիրան դիմել է խնամակալության մարմինների, ՄԻՊ, քաղաքապետարան,ոստիկանություն՝ ահազանգելով այն մասին, որ երեխաները գտնվում են հոր կողմից հոգեբանական ճնշումների ներքո, դուրս են մնում կրթությունից: Սակայն խնդրին լուծում չի տրվել: Մի կողմից ոստիկանությունը պատճառաբանում է, թե իրենց լիազորությունների մեջ չի մտնում երեխաների հետ տեսակցություն կազմակերպելը, բայց մյուս կողմից, երբ Արա Խաչատրյանն է դիմում, չգիտես ինչու ձեռնամուխ են լինում այդ խնդրանքի իրականացմանը»:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: