27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ է սիրով աշխատելը

« Իսկ ի՞նչ է սիրով աշխատելը:
Զգեստ հյուսելն է սրտի թելերով, կարծես հենց այդ զգեստն է հագնելու ձեր սիրեցյալը:
Անձնվիրությամբ տուն կառուցելն է, կարծես այնտեղ բնակվելու է ձեր սիրեցյալը:
Սերմերը քնքշանքով ցանելն է և հունձքը բերկրանքով հավաքելը, կարծես ձեր սիրեցյալն է ուտելու դրա պտուղը:
Այն ամեն ինչում, որ անում եք, ձեր հոգու շունչը տարածելն է,
Եվ իմանալն է, որ բոլոր ննջեցյալների երանելի հոգիները կանգնած են ձեր կողքին և իրենց հոգատար հայացքներով ձեզ դիտում են:

Հաճախ եմ լսել ձեր խոսքերը, երբ խոսում էիք կարծես քնի մեջ.
«Ով քանդակում է մարմարը և քարի մեջ վերագտնում է իր հոգու կերպարանքը, ավելի վսեմ գործ է անում, քան նա՝ ով հերկում է դաշտերը:
Եվ ով որսում է ծիածանի գույները և դրանք կտավի վրա տարածում է մարդու պատկերի նմանությամբ, գերադաս է, քան նա՝ ով հողաթափներ է կարում մեր ոտքերի համար»:

Բայց ես ձեզ ասում եմ, – ո՛չ քնի մեջ, այլ՝ միջօրեի ամենալուսամիտ արթնությամբ, – որ քամին միևնույն քաղցրությամբ է խոսում հսկայական կաղնիներին ու խոտի ամենաաննշան տերևիկներին: Եվ որ մեծանուն է միայն նա, ով քամու ձայնը փոխակերպում է երգի, որն իր իսկ սիրով է՛լ ավելի քաղցրացնում է:

Աշխատանքը բացահայտ դարձված սերն է:
Եթե չեք կարողանում աշխատել սիրով, այլ՝ դժկամությամբ միայն, ձեր համար ավելի լավ է թողնել ձեր աշխատանքը և նստել տաճարի դռանը, մուրալու համար ողորմությունը նրա, ով աշխատում է ուրախությամբ:
Որովհետև, եթե հացը թխեք անտարբերությամբ, կստացվի դառնահամ մի հաց, որը սոսկ կիսով կհագեցնի մարդկանց քաղցը:
Եվ, եթե խաղողը ճզմեք ատելությամբ, ձեր ատելությունը թույն կթափի գինու մեջ:
Եվ նույնիսկ եթե երգում եք հրեշտակների նման, բայց չեք սիրում երգը, մարդկանց խուլ կդարձնեք ցերեկվա ձայների ու գիշերվա ձայների դիմաց »:

Խալիլ Ժըբրան (1883-1931), «Մարգարեն» գրքից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ