27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Անիմաստ տեղը իմ խելոք երեխուն կրակել են, ի՞նչ հերոսներ, նրանք մարդասպան դահիճներ են. Հայկական Ժամանակ

2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ հրազենային ծանր վնասվածքներ ստացած եւ մի քանի օր հետո հիվանդանոցում մահացած ՊՊԾ գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական Գագիկ Մկրտչյանի հարազատները նույնպես տեղյակ չեն եղել, որ սույն գործով դատավարությունն արդեն սկսվել է: Նշենք, որ դատական նիստի օրվա մասին չէին ծանուցվել նաեւ սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հարազատները:

45-ամյա ոստիկանը ՊՊԾ գնդի գրավման օրը ստացել էր կրծքային-որովայնային հրազենային վիրավորում, նա մի քանի օր գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: Մկրտչյանը մահացել է  օրեր անց՝ օգոստոսի 13-ին:

Նրա հարազատները հունիսի 8-ին նշանակված նիստի մասին իմացել են նիստի ավարտից հետո՝ լրատվամիջոցներից: Ավագ ենթասպայի հարազատներին հատկապես զայրացրել է այն հանգամանքը, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը երգելով է մտել դատական նիստերի դահլիճ: «4 օր է տեղներս չենք գտնում, դատարան են մտնում պարելով՝ կարծես այնպիսի մեծ հերոսություն են արել ազգի համար… չեն էլ ասում երեք անմեղ զոհ են տվել»,- մեր զրույցում հուզված նշեց Մկրտչյանի կինը՝ Հասմիկ Ոսկանյանը:

Մեր հարցին, եթե ծանուցում ստանան, կմասնակցե՞ն դատական նիստերին, նա դրական պատասխան տվեց. «Անպայման ներկա ենք լինելու ընտանիքի բոլոր անդամներով»,- ավելացրեց նա:

Հասմիկ Ոսկանյանը տեղեկացրեց, որ ամուսինը վիրահատվելուց հետո մի քանի օր կցկտուր որոշ մանրամասներ է պատմել ՊՊԾ գնդի գրավման, իր վրա կրակելու մասին: Այսպիսով՝ Գագիկ Մկրտչյանը տիկնոջը պատմել է, որ հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը պայթյունի նման ձայն է լսել, տեսախցիկներով տեսել է, որ մի բեռնատար հարվածել է գնդի դարպասներին: Մկրտչյանը մտածել է, որ վթար է եղել, քանի որ գրավումից մի քանի օր առաջ վթար էր եղել՝ մեքենայով հարվածել էին գնդի դարպասներին: Մտածելով, որ վթար է եղել, շտապօգնություն են զանգահարել: Այդ րոպեներին ավագ ենթասպան չի էլ հասցրել հասկանալ, թե ինչ է կատարվում:

«Հետո տեսել է զինված մի քանի հոգու: Այդ ընթացքում նա հասցրել է իր հետ եղած տղաներից մեկին տալ այն սենյակի բանալին, որտեղ պահվում է ամբողջ զինմաթերքն ու ասել է՝ սա վերցրու՝ դու գնա: Էլ չեն պատկերացրել, որ էդ դուռը լոմով կբացեն: Հետո տեսել է, որ զինված գնում են դեպի իր աշխատասենյակ, դուռը փակել է: Հասել են դռան մոտ ու հրահանգել, որ դուռը բացի, չի բացել, հետո լոմով բացել են դուռը, հարցրել են՝ ինչի՞ չէիր բացում, ասել է՝ ուստավով չի թույլատրվում: Գագիկը պատմեց՝ դրանից հետո զենքը պահեցին, «ցելով» խփեցին: ՊՊԾ գնդում պատանդ պահվող ոստիկանները մտածել են, որ Գագիկի թեւն է վնասվել, բայց հետո տղաները տեսել են, որ Գագիկը կողքից հրազենային վնասվածք է ստացել, համոզել են, որպեսզի Գագիկին թողնեն դուրս գա, որ արնաքամ չլինի: Հետո տղաներից մեկին դրել են Գագիկի հետ, ասել են՝ կհասցնես մինչեւ դարպասների մոտ, դու հետ կգաս, սպառնացել են: Ամուսնուս հասցրել է մինչեւ դարպասների մոտ, էդտեղից արդեն Գագիկը տենց ծանր վնասվածքով մոտ 500 մետր քայլել է դեպի ոստիկանական մեքենաները, ինչից հետո էլ տեղափոխել են հիվանդանոց»,-ամուսնու պատմած մանրամասները փոխանցեց սպանված ոստիկանի կինը:

Նա ասաց, որ Մկրտչյանը չի իմացել, որ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը փոխհրաձգության ժամանակ սպանվել է: Հարազատները Գագիկ Մկրտչյանի հետ կարողացել են 20 օր շփվել, վերջին 7 օրը նա անգիտակից վիճակում է եղել:

«Ինչ է նշանակում՝ կարող են հանգիստ մտնել մի պետական տարածք, գրավեն այն, երեք հոգու կյանք խլեն, հետո պարելով դատարան են մտնում, ու այսօր ժողովուրդն իրենց հերոս է ասում: Մի ֆիդայի, մի ազգի հերոս, որ մտնում է ՀՀ տարածք՝ խլում է ուրիշ սպայի կյանք, կապ չունի՝ գեներալ, թե լեյտենանտ, նրանք մարդասպաններ են, նրանք իրավունք չունեն ազգի հերոս կոչվելու: Եթե ես վաղը երեխու հետ ներկայանամ դատարան ի՞նչ խղճով պետք է նայեն երեխուս աչքերի մեջ: Իսկական հերոսների անվան հետ ինչի՞ եք խաղում: Ու նենց փամփուշտով են կրակել Գագիկի վրա, որ ամբողջ ներսը վառվել էր, չկարողացան ոչ մի բան անել: Անհամբեր սպասում ենք, որ դատավարությունը լինի, իրենք իրենց արժանի պատիժը ստանան»,- վրդովված ասաց Հասմիկ Ոսկանյանը:

Գագիկ Մկրտչյանի մոր՝ տիկին Անահիտի պատմելով, որդին արձակուրդի մեջ էր, հուլիսի 16-ը առաջին ու վերջին աշխատանքային օրն է եղել: «Ինքը ադրբեջանցիների հետ ծառայեց, եկավ տուն, ու գա հանկարծ հայի ձեռքով գնա՞, ի՞նչ հայ: Անիմաստ տեղը իմ խելոք երեխուն կրակել են, ի՞նչ հերոսներ, նրանք մարդասպան դահիճներ են: Ինչի՞ դատարան չկանչեցին, գոնե կանչեն՝ գնամ երկու խոսք ասեմ, սիրտս հովանա, չնայած ոնց կարող է մոր սիրտը հովանալ: Աղջիկս առաջին կարգի հաշմանդամություն ունի, իր ձեռքը շատ եմ տանջվում, հաղթահարում էի, բայց սա հաղթահարելու չի, դիմանալու չի: Էնքան լավն էր իմ տղան, էնքան բարի, խելոք»,-պատմեց ավագ ենթասպայի մայրը: Վերջինս ասաց, որ որդին 23 տարի աշխատում էր համակարգում: Գագիկի հոր առողջական վիճակը որդու մահից հետո վատացել է, դժվարությամբ է տեղաշարժվում: Գագիկը մեկ որդի ունի՝ 7-ամյա Մհերը: Նա մեր զրույցում ասաց, որ քոլեջ է հաճախում, ասաց, որ մեծանա՝ ոստիկան է դառնալու:

Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը: Առաջադրված մեղադրանքում Բիլյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Նրա պաշտպան Արմինե Ֆանյանն ավելի վաղ մեր զրույցում հայտարարել է, որ Բիլյանը պնդում է, որ ՊՊԾ գնդի այն տարածքում, որտեղ սպանվել է Գագիկ Մկրտչյանը, ինքը չի եղել. «Հետագայում մենք նոր ապացույցներ կներկայացնենք, ուղղակի այս պահին նախաքննության գաղտնիությունից ելնելով, չեմ կարող շատ բան ասել: Իմ պաշտպանյալը ոստիկանին կյանքից զրկելու հետ որեւէ առնչություն չունի, նա այդ հատվածում, որտեղ նշված ոստիկանը կյանքից զրկվել է, չի եղել»:

Հ.Գ. Դեպարտամենտի արարողակարգի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանից հետաքրքվեցինք, թե ինչո՞ւ սպանված ոստիկանների հարազատները դատարանից ծանուցում չեն ստացել: Ի պատասխան մեր հարցին, Խաչատրյանը պնդեց, որ կողմերը ծանուցվել են: Այնինչ Յուրի Տեփանոսյանի եւ Գագիկ Մկրտչյանի հարազատները հակառակն են պնդում:

 Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ