01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Արարատ-73”-ը մեր ժամանակներում կարելի է համեմատել Շուշիի հաղթանակի հետ, Սերժ Սարգսյան /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի՝ «Արարատ-73»-ի մեծարման երեկոյին: 1973 թվականին մեկ խաղաշրջանի ընթացքում ԽՍՀՄ չեմպիոնի եւ ԽՍՀՄ գավաթակրի տիտղոսները նվաճած թիմի փառավոր հաղթանակի 40-ամյակի առթիվ կազմակերպված երեկոյի ժամանակ Հանրապետության Նախագահը Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի վետերաններին՝ հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ ձեռք բերած փայլուն նվաճումների համար, պարգեւատրել է պետական բարձր պարգեւներով, շնորհել պատվավոր կոչումներ:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգեւատրվածներին՝ իր ողջույնի խոսքում ընդգծելով, որ “Արարատ”-ը ոչ միայն 1973 թվականի, այլ ընդհանրապես 70-ականների մեր ժողովրդի մեծագույն նվաճումներից մեկն է:

“Արարատ”-ի փառահեղ հաղթանակները մեր ժողովուրդը համարում է ոչ միայն այդ կանաչ գորգի վրա մրցապայքարում տարած հաղթանակ, այլ որպես իր հավաքական արժանիքների արձանագրում: “Արարատ”-ը մեր ազգային հպարտությունն էր, ազգային արժանապատվությունը: Իհարկե, “Արարատ”-ը զուտ միայն ֆուտբոլ չէր խաղում. տղաները ֆուտբոլ էին խաղում, բայց դա նաեւ քաղաքականություն էր: Ինչպես բոլորիս հայտնի է, ցավոք, խորհրդային տարիներին Հայաստանը չէր կարողանում լիարժեքորեն ներկայանալ միջազգային հարթակներում, եւ “Արարատ”-ն իր ֆուտբոլային հաղթանակներով Հայաստանը դուրս էր բերում միջազգային ասպարեզ, Հայաստանը եւ հայերին դարձնում էր է՛լ ավելի ճանաչելի:

“Արարատ”-ի հաղթանակները, “Արարատ”-ի կրկնակի հաջողությունները ես միշտ համեմատում եմ այն մեծ սխրանքի հետ, որ կատարեց Տիգրան Պետրոսյանը. Տիգրան Պետրոսյանը, դառնալով աշխարհի չեմպիոն, յուրաքանչյուր հայ ընտանիքում շախմատ խաղալ սովորեցրեց կամ գոնե՝ շախմատ սիրել, նույնը՝ տղաները: Եվ այսօրվա մեր հավաքականի խաղը եւս արդյունք է “Արարատ”-ի այն ժամանակվա հաղթանակների: “Արարատ”-ը ոգեւորություն մտցրեց Հայաստանում, հայ ժողովրդի մեջ, եւ յուրաքանչյուր հայ, որտեղ էլ որ ապրում էր՝ Հայաստանում, Հայաստանից դուրս, շատ հպարտ էր իրեն զգում:

Ես շատ լավ հիշում եմ 73 թվականը, ես այն ժամանակ ծառայել եմ խորհրդային բանակում՝ հեռավոր Ուրալում: Նույնիսկ հիմա եմ հուզվում, ինձ թվում էր, թե ամբողջ գունդն ինձ է նայում, եւ բոլորը մատնացույց էին անում, ասում էին՝ տեսեք այս մարդու հայրենակիցներն են, որ այս սխրանքը կատարեցին: Պարզ է, որ Հայաստանում տոնախմբություն էր: Ես մի առիթով ասել եմ, որ մեր ժողովուրդը վերջին 50-60 տարիների ընթացքում, երեւի, մի քանի անգամ է սրտանց ուրախացել: Թերեւս, առաջին առիթը Հայրենական պատերազմում հաղթանակն է՝ Մայիսի 9-ը, այնուհետեւ Տիգրան Պետրոսյանի հաղթանակը, “Արարատ-73″-ի եւ մեկ էլ մեր ժամանակներում դա կարելի է համեմատել Շուշիի հաղթանակի հետ, երբ ժողովուրդն ինքնաբուխ դուրս էր եկել փողոցներ եւ ուրախանում էր իր զավակների մեծագույն հաղթանակով”,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

70-ականների ոգեւորության մասին խոսելիս Նախագահը հիշել է, թե ինչպես էր յուրաքանչյուր երեխա փորձում իրեն նմանեցնել “Արարատ”-ի հերոսներից մեկին:

Սերժ Սարգսյանի համոզմամբ, “Արարատ”-ը իր որոշակի ազդեցությունն ունի նաեւ Հայաստանի այսօրվա հավաքականի վրա, որը, Նախագահի գնահատականով, հանդիսանում է նախկին Խորհրդային միության երկրների լավագույն հավաքականներից մեկը: Հանրապետության Նախագահը հորդորել է, որպեսզի յուրաքանչյուր հայ, որտեղ էլ գտնվի, սատարի մեր ֆուտբոլի հավաքականին, որովհետեւ, ըստ նրա, դա զուտ միայն հաղթանակ չէ սպորտային բնագավառում՝ դա շատ ավելին է, քան պարզապես հաղթանակը:

Նախագահը իր եւ ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել ”Արարատ-73”-ի վետերաններին, մաղթել առողջություն եւ ցանկացել, որ նրանք միշտ լինեն մեր հավաքականի, մեր ֆուտբոլիստների կողքին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) կազմակերպած մեծարման երեկոյի ժամանակ “Արարատ”-ի վետերաններին ողջունել եւ փառահեղ հաղթանակի հոբելյանի առթիվ շնորհավորել են նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականը՝ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ միասին:

Նախարար Յուրի Վարդանյանը “Արարատ”-ի մի շարք ֆուտբոլիստների շնորհել է ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի, ինչպես նաեւ Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատվավոր աշխատողի կոչումներ, պարգեւատրել՝ նախարարության Ոսկե մեդալով եւ հուշամեդալով: ՀՖՖ նախագահը թիմի բոլոր վետերաններին հանձնել է դրամական պարգեւներ:
  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ