«Ինչքան սիգ տեսնում եք վաճառքում, Սևանինն է» /տեսանյութ/
Ձուկը ոչ միայն բարձրորակ սնունդ է, այլև Սևանա լճի էկոհամակարգի կարևորագույն օղակներից մեկը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: Վերջինս շեշտեց՝ եթե ձկան պաշարները պակասեն, դա կարող է հանգեցնել ընդհուպ մինչև ճահճացման:
Բանախոսն ընդգծեց՝ աշխարհում ընդունված է՝ չի կարելի որսալ այն կենդանիներին, որոնք գոնե մեկ անգամ սերունդ չեն տվել: Բայց ինչ վերաբերում է Սևանի ձկներին, ապա վստահաբար կարելի է ասել՝ ձկնորսները այս կարգը հաշվի չեն առնում ու որսում են նաև այն ձկներին, որոնք դեռևս սերունդ չեն տվել: Անգամ շուկաներում վաճառվող մանրաձուկն է այդ մասին վկայում:
«Կուզենայի խոսել նաև Սևանի մակարդակի մասին: Հարկ է շեշտել, որ Սևանի մակարդակը յուրաքանչյուր տարի պետք է ավելանա, ոչ թե պակասի: Հունվարի մեկի տվյալներով կարող եմ ասել՝ նախորդ տարի ավելի քան քսան սանտիմետրով Սևանի ջրի մակարդակն ավելացել է: Ասածս հենվում է հիդրոլոգների հաշվարկների վրա: Իհարկե, ընդգծեմ, որ մակաչդակի բարձացումն էլ պետք է լինի նորմայի սահմաններում: Մասնագետներն այդ ամենը հաշվարկում են», – շեշտեց բանախոսը:
Վերջինս նշեց՝ սիգի անցած տարվա պաշարը որսից հետո եղել է մոտավորապես 450 տոննա, բայց խոսքը միայն արդյունագործական պաշարների մասին է, այսինքն՝ այն ձկների, որոնք կարելի է որսալ. մանրաձուկը չի հաշվվում:
«Իսկ մանրաձուկը ձկան ընդհանուր պաշարի մեջ մոտ 80 տոկոս է կազմում: Ինչքան սիգ տեսնում եք վաճառքում, դա Սևանինն է, քանի որ ցանցավանդակներում գրեթե չեն բազմացնում ձկան այս տեսակը», – նշեց Բարդուխ Գաբրիելյանը: