24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մտորումներ

Որևէ երկրի արտաքին քաղաքականությունը մեծամասամբ տվյալ երկրի դիվանագետների և  ի պաշտոնե արտաքին քաղաքականությանն առնչվող անձանց գործունեության ոլորտն է:

Եվ երբ արտաքին քաղաքականությունից սկսում են խոսել ոչ թե դիվանագետներն, այլ այդ ոլորտից նույնիսկ չնչին գաղափար չունեցող ՛՛ՀՐԱՊԱՐԱԿախոսները՛՛, թղթին հանձնածը, այն էլ խմբագրականը, ստացվում է ոչ թե հոդված կամ վերլուծություն, այլ սևով սպիտակի վրա արված խզբզանք:

Երբ վերոնշյալ ՛՛ոչ դիվանագետները՛՛ սկսում են գրել ասենք հայ-թուրքական հարաբերություններում մեր դիվանագիտության ՛՛խայտառակ ձախողման՛՛ և ՛՛մինչֆուտբոլային մակարդակում՛՛ չգտնվելու մասին, ապա անմիջապես հակադարձելու և ճշմարտությունը նրանց համար /եթե, իհարկե, չգիտեն/ երևան հանելու ցանկություն է լինում: Այո, իսկապես, հայ-թուրքական հարաբերություններն այսօր հեռու են ՛՛մինչֆուտբոլային մակարդակից՛՛:

Հաճախակի արևմտամետ բարքերից բարձրաձայնող այս անձանց հետ խոսենք Արևմուտքից արված հայտարարություններից: Հայ-թուրքական գործընթացի սկսվելուց և դրա ՛՛խայտառակ ձախողումից՛՛ հաշված ամիսներ անց` 2010թ. հուլիսի 4-ին, պաշտոնական այցով Երևանում գտնվող ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարում է. ՛՛Այժմ գնդակը հակառակորդի կողմում է, և հասել է գործելու նրանց ժամանակը:

Մենք հիացած ենք Հայաստանի նախագահի քաղաքականությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում և տպավորված ենք Երևանի ապրիլյան որոշմամբ, որ հայկական կողմը ետ չի կանչել իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից` չնայած հակառակ կողմի ձեռնարկած խոչընդոտներին: Միացյալ նահանգները կոչ են արել Թուրքիային նույնպես ջանքեր գործադրել` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար՛՛:

Դրանից շուրջ 2 տարի անց` 2012թ. հունիսի 4-ին կրկին Երևանում գտնվող ԱՄՆ Պետքարտուղարը  նույնությամբ կրկնեց իր խոսքերը` նշելով, որ ՛՛մինչև հիմա գնդակը Թուրքիայի դաշտում է՛՛: Նույն  միտքն ի դեպ, տարբեր ժամանակներում արտահայտել են օտարերկրացի ու հայաստանցի շատ քաղաքական գործիչներ:

Այսինքն, ողջ միջազգային հանրությունն ականատես եղավ, որ հենց թուրքական կողմը  ձախողեց այս գործընթացը` հետ կանգնելով պայմանավորվածություններից և առաջ քաշելով նախապայմաններ: Բոլորը տեսան, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի բացակայության միակ պատասխանատուն Թուրքիան է:

Հայաստանն առաջին անգամ Թուրքիայի հետ խոսեց հավասարը հավասարի հետ և դիվանագիտական ճակատում կատարեց մի քայլ, որն ստիպեց “փորձառու” թուրքական դիվանագիտությանը մի քանի քայլ հետ կատարել: Բոլորը տեսան, որ նախկինում վարած թուրքական քարոզչությունը, թե Հայաստանի պահանջների պատճառով հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չի գրանցվում, փուչ է և չնայած Հայաստանի մեկնած ձեռքին, Թուրքիան է հետ կանգնում պայմանավորվածություններից, մեծ Թուրքիան փոքրոգիություն է դրսևրում:

Ինչ վերաբերում է Եվրամիության հետ տարվող բանակցություններին, ապա  դրանք մշտապես եղել են հնարավորինս  բաց և թափանցիկ բոլորի համար, ու երկրի  բարձրագույն ղեկավարությունն անընդհատ հայտարարել է, որ դրանք որևէ կերպ չեն կարող ազդել Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ մեր ունեցած հարաբերությունների վրա:

Դա ըմբռնել ու դրա մասին հայտարարել են նաև Եվրամիության պաշտոնյաները: Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպայի խորհրդում օրեր առաջ ունեցած իր ելույթում շեշտեց, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը եղել է բացառապես հայկական կողմինը, և Ռուսաստանի կողմից գործադրված ճնշումների մասին խոսելն ավելորդ է:

Հայաստանը ջանքեր է գործադրում, որպեսզի ԵՄ հետ ունենա հնարավորինս խորը համագործակցություն, անկախ նրանից, թե դա ինչպիսի անուն կունենա, ինչ պայմանագիր կքնվի: Սակայն այս ոլորտը համարել որպես ձախողված կարող է միայն այնպիսի մեկը, ով բացարձակապես չի պատկերացնում, թե ինչ ասել է դիվանագիտական գործընթացը:

Ցանկացած նման գործընթաց որոշակի  նպատակ է հետապնդում: Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը երկրի անվտանգության և բարեկեցության բարձրացումն է: Այս համատեքստում այն մարդիկ, ովքեր գտնում են, որ ամեն գնով պետք է պահպանել ԵՄ հետ ասոցացման գործընթացը, լրացուցիչ մեկնաբանություններ և հստակ ապացույցներ պետք է ներկայացնեն, թե այն որչափ համեմատական է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական և տնտեսական համագործակցությանը:

Խոսելով Հայաստանի ներկայիս արտգործնախարարի կողմից տարվող արտաքին  քաղաքական ուղղության մասին` կարելի է փաստել, որ Նալբանդյանն, այո, կարող է դառնալ ամենաերկարատև պաշտոնավարող ԱԳ նախարարը, քանզի կշռադատված և առանց մարտավարական ու լեզվական սայթաքումների արտաքին քաղաքականություն է վարում:

Նրա պաշտոնավարումը նշանավորվեց աշխարհի տարբեր մասերում գտնվող պետությունների հետ համագործակցության շեշտակի զարգացման ընթացքում հիշարժան է հատկապես Արևելյան Ասիայի երկրների հետ Հայաստանի ունեցած հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու գործընթացը:

Վերջին 4 տարիներին Հայաստանը տասից ավելի նոր դեսպանություններ բացեց:

Հենց այս ժամանակաշրջանում սկսվեց Արցախի միջազգային ճանաչման գործընթացը, գործի դրվեցին ճանաչմանսը հասնելու նոր մեխանիզմներ՝ պատգամավորական խմբերի ստեղծումը։  Ղարաբաղի հարցում Նալբանդյանի օրոք միջազգային հանրությունը` ի դեմս համանախագահ երկրների, հստակորեն արձանագրեց ինքնորոշման իրավունքը` որպես խնդրի կարգավորման անքակտելի և հիմնարար սկզբունք:

Այս դիրքորոշումն իր արտացոլումը գտավ Լ’Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի և Էնիսկիլենի համատեղ հայտարարություններում: Ցանկալի չէ հիշել միջազգային հանրության կողմից մեր անկախությանը հաջորդած հայտարարությունները, բանաձևերն այս հարցում:

Միևնույն է, սակայն, փաստերի խեղաթյուրումը և  ամենն իրենց ցանկացած լույսի ներքո  ներկայացնելու ՛՛հրապարակախոսների՛՛ ձգտումը շարունակվում է: Դրա պատճառները նույնպես կարելի է առանձին ախտորոշել և ՛՛բուժում՛՛ սահմանել:

Եթե կա թերթի էջեր լցնելու  և ՛՛հաց վաստակելու՛՛ խնդիր, դա կարելի է ըմբռնել: Սակայն այդ դեպքում  հարկավոր է դիմել ամենատարբեր ոլորտների իրական մասնագետների, որոնք մեր երկրում քիչ չեն, և նրանցից բոլորովին անվճար ստանալ տարատեսակ հարցերին առնչվող բավական խելամիտ վերլուծություններ ու զետեղել դրանք սեփական թերթի էջերում:

Իսկ եթե նմանատիպ գործունեությամբ լուրջ նպատակներ չեն հետապնդվում, և նպատակը կամ պատվերն ուղղակի ցեխ շպրտելն է, ապա հեշտությամբ կարելի է գտնել սեփական պրոֆիլին առավել հարմար ու առավել բարձր վարձատրվող աշխատանք: Ինչու՞, ուրեմն, խաղալ մարդկանց և ամբողջ գերատեսչությունների պատվի հետ: Ինչու՞ փորձել մութ սենյակում սև կատու փնտրել, երբ ՛՛սև կատուները՛՛ վաղուց լքել են սենյակը … 

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ