Թանկարժե՞ք է, մենք ենք կարել այդ շորերը. Սամվել Ալեքսանյան (տեսանյութ)
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Երևանի խնդիրներից է համարում տրանսպորտը, ինչի մասին այսօր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողության ժամանակ խոսեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը: «Բայց քաղաքապետը խոսք է տվել, որ էս տարի կլուծի»:
Դիտարկմանը, թե պատմամշակութային շենքեր են քանդվում Տարոն Մարգարյանի քաղաքապետ եղած ժամանակ, նա արձագանքեց. «Լավ չի՞, որ վերանորոգում են»: Փակ շուկան էլ դուք եք քանդել դիտարկմանը, նա ասաց. «Փակ շուկան գնա, հիմա տես ու մի քանի տարի առաջ տես»:
Հարցին, թե համարում է իրեն միլիոնատեր, նա ասաց. «Որտե՞ղից ինձ միլիոն: Իմ կարողությունը դեգլարացիայի մեջ գրված է»:
Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ինչպես է կազմակերպել իր դստեր ճոխ հարսանիքը, Սամվել Ալեքսանյանն ասաց. «Մեր երեխու հարսանիքը մեր հայկական երգիչներն ու երգչուհիներն են եղել, ի՞նչ շքեղություն»:
Henaran.am-ի հարցին, թե զգեստը բավական թանկարժեք էր, ինչպես է ստացվում, որ գումար չունենալով նման զգեստ են պատվիրում, նա պատասխանեց. «Ո՞վ է ասում, որ թանկարժեք է, մենք ենք կարել այդ շորերը»: