Վարչապետը՝ ոստիկանապետին, Գասպարյանն էլ՝ գժերին ու դատվածներին. Հրապարակ
«Մաքուր Երեւան» նախաձեռնումից, աղբահանության հարցերից հետո վարչապետ Կարեն Կարապետյանն անցավ տաքսիստների «թրաշին», «տապըչկեքին» ու, առհասարակ, արտաքին տեսքի պրոբլեմին: Սա արվում է հանուն զբոսաշրջության զարգացման: Թեեւ «անթրաշ» ու սիգարետը բերանին վարորդները տեղացիներին էլ են հոգնեցրել, բայց մենք ում բողոքենք: ՀՀ քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցումը, ի տարբերություն տուրիզմի խրախուսման, կառավարության առաջնահերթություններից չէ: Իհարկե, տեղացիներին հեշտ չէ խաբելը:
«ԱՆԹՐԱՇ» ՏԱՔՍԻՍՏՆԵՐԸ ԽԱԲՈՒՄ ԵՆ ՀԱՏԿԱՊԵՍ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻՆ
Ինչ կապ կա «թրաշի» ու խարդախության միջեւ, կառավարությունը չի ուսումնասիրել: Բայց տուրիստներին խաբում են հատկապես «անթրաշները»: «Պտտացնում» են բառիս ուղիղ եւ փոխաբերական իմաստով: «20-30 հազարով Մալաթիա-Սեբաստիան պտտվելով՝ գալիս են Երեւանյան լիճ՝ որպես Սեւան»,- հանցագործության մասին հաղորդում է տալիս վարչապետն ու ոստիկանապետից պահանջում առանց լիցենզիայի գործող տաքսիստների բացահայտման, կանխարգելման եւ պատասխանատվության միջոցներ կիրառել: «Լիցենզիա տրամադրելու ժամանակ մենք պահանջում ենք, թե վարորդի տեսքն ինչպիսին պետք է լինի, ոնց պիտի ուղեւորի հետ իրեն պահի»,- հարցնում է վարչապետը:
«Պռոստը անթույլատրելի ա, առաջին հանդիպմանը Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջիկի դեմը հենց գալիս են դրանք»,- վրդովվում է նա՝ չսափրվածներին նկատի ունենալով: Հուսանք, կոշտ վերաբերմունք ասելով, մեր գլամուր վարչապետը նկատի չունի, օրինակ, որ Գասպարյանն ու նրա մարդիկ, մի-մի «բրիտվա» ձեռքներին, կանգնեն մայրաքաղաքի բանուկ մասերում կամ օդանավակայանի ճանապարհին ու չսափրված վարորդներին տեղում «շուշա թրաշ» անեն:
ԻՀԱՐԿԵ, ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՀԵՌՈՒ է ՆՄԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԻՑ
«Մի տարի է՝ շարունակ աշխատում ենք, այդ խնդիրները բարձրացնում ենք, այդտեղ բավականին աշխատանք ունենք արած: Հանդիպումներ ենք կազմակերպել մի քանի անգամ տաքսի ծառայությունների ղեկավար կազմի հետ: Չենք կարողանում հասնել նրան, որ նախկինում կասկածելի անցյալ ունեցող, ծանր հանցագործություններով դատված, նարկոդիսպանսերում հաշվառված անձինք… (չստանան լիցենզիա՝ Ս. Ս.): Նրանք, միեւնույն է՝ ստանում են լիցենզիաներ, հարցը լուրջ անհանգստություն է մեզ պատճառում»: Պարզվում է՝ Գասպարյանը նույնիսկ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատողներին է ուղարկել այն հիմնարկ-ձեռնարկությունների կողքին «միջոցառում» անցկացնելու, որտեղ թմրամոլները բուժման ծրագրով «մետադոն» են ստանում: «Գնում-ստանում են, գալիս են, նստում են տաքսի»,- ասաց Գասպարյանը:
Նա հպարտությամբ հայտարարեց, որ «մաքրել է դաշտը հոգեկան հիվանդություններ ունեցողներից»: Քաղաքակիրթ երկրում նման հայտարարությունից հետո բարձրաստիճան պաշտոնյան ստիպված կլիներ հրաժարական գրել կամ առնվազն դատարանում հոգեկան հիվանդություններ ունեցող ու հաշվառման մեջ գտնվող անձանցից կոլեկտիվ դատական հայց կստանար: Մեզանում նման պաշտոնյաները կարող են հանգիստ ապրել: Նույնիսկ երկրպագուներ են վաստակում:
ՏԱՔՍԻՍՏՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ է ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ
«Ես ողջունում են ոստիկանապետի արարքը: Նա հետ է վերցնում վարորդական վկայականները, իսկ տրանսպորտի նախարարությունն ապօրինի լիցենզիաներ է տրամադրում: Ուրիշ ինչ կարա անի: Նախարարությունը լիցենզիա է տալիս գժերին ու նարկոմաններին»,- վստահեցնում է «Տաքսիստների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
«Իհարկե, համարում եմ, որ վարչապետը տեղին է նկատել: Մենք նույնպես երբեմն հանդիպում ենք նման վարորդների: Պարզապես պետք է այդպիսի պահանջ լինի, թե ինչպես ներկայանալ ուղեւորին: Ուղղակի վարչապետը պետք է նկատի ունենա միշտ, թե ոստիկանությունն ինչպես կարող է իրականացնել այդ ցուցումը: Ոստիկանապետը խիստ յուրովի կըմբռնի «կոշտ վերաբերմունք» ասվածը, ու առաջիկայում կլսենք նաեւ տաքսիստների վերաբերյալ բռնի վերաբերմունքի մասին: Ոստիկանապետն այդ տաքսիստներին, միեւնույն է, նայում է որպես հանցագործների, նախկին դատվածների: Չի նայում որպես մարդկանց: Հանրապետության 50 տոկոսը տաքսի ծառայությունում է աշխատում ստիպված, այլ ելք չունենալով, եւ հիմա պետք է սկսի հանցագործներ որսալ: Բայց դրանք մարդիկ են, այո, հաճախ իրենց տեսքին չհետեւող, իսկ այդ սովետական մտածողությունը՝ նախկին հանցագործներ եւ այլն, չի լքում ոստիկանությանը ոչ մի կերպ: Լավ կլիներ, որ ոստիկանապետն ազատվեր իր կայուն հոգեբանական մոտեցումներից»,- ասում է իրավապաշտպան ժաննա Ալեքսանյանը:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: