Աներս ու զոքանչս են․ Շիրակ չեմ եկել արտագնա աշխատանքի․ նոր մարզպետը
Այսօր Կառավարության նիստից հետո անմիջապես Շիրակի նորանշանակ մարզպետին՝ Արթուր Խաչատրյանին մարզպետարանի աշխատակազմին, համայնքապետերին եւ տարբեր գերատեսչությունների մարզային ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
«Այսօր ներկայացնում եմ Շիրակի նոր մարզպետին: ՀՀ նախագահի վստահությանն է արժանացել Արթուր Խաչատրյանը: Նա բազմափորձ մասնագետ է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ Հովսեփ Սիմոնյանին, ով կարողացավ համերաշխություն ապահովել: Ես հավատացնում եմ, որ Հովսեփը կունենա իրեն արժանի աշխատանք»,- ասաց Դավիթ Լոքյանը, միաժամանկ բերելով որոշ փաստեր, որ Շիրակի մարզը ամենաղքատն է, խնդիրներով հարուստը, զարգացման մակարդակն էլ միջինից ցածր:
Դաշնակցական ընկերների փոփոխությունը ըստ Լոքյանի անձով պայմանավորված չէ, չունի քաղաքական ենթատեքստ: Հովսեփ Սիմոնյանին հաջողվել է կարևոր խնդիրներ լուծել մարզում, իսկ այն, որ Հովսեփ Սիմոնյանը կարողացել էր ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՅԴ–ի համար 12 հազարից ավելի քվե ապահովել, Լոքյանը դրական ու կարևոր ձեռքբերում համարեց:
«Հովսեփ Սիմոնյանի դերը մեծ էր ընտրություններին, բայց դա ամբողջ դաշնակցության հավաքած ձայներն է, որը դուք նշում եք: Ես դա չեմ կապում այսօրվա փոփոխության հետ: 2008 թվականին շատ ձայներ ենք հավաքել, բայց փոխել ենք նաեւ նախարարական պաշտոններ: Սիմոնյանի որակներն օգտագործելու ենք այլ ոլորտներում, որը շուտով կտեսնեք»,- նշեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարն ու հատկապես շեշտեց, որ նոր մարզպետն ունի եվրոպական կրթություն, կապեր արտերկրում, ինչը կօգնի , որ մարզում ներդրումներ կատարվեն:
«Արթուր Խաչատրյանի տեղափոխությունը կապված է նրա հետ, որ մենք ուզում ենք օգտագործել եվրոպական ներդրումները եւ սփյուռքի հնարավորությունները ուղղել Շիրակ: Մոտավորապես 6 ամիս անց, մենք դրական արդյունքներ կունենանք: Եթե դուք ուզում եք, որ ասեմ Արթուրը լավն է, իսկ Հովսեփը՝ վատը, ինձանից նման բան չեք լսի»,- եզրափակեց Դավիթ Լոքյանը:
Նորանշանակ մարզպետն էլ հատկապես կարևորեց այն, որ թեև մարզից չէ, բայց. <<Չեմ եկել այստեղ արտագնա աշխատանքի, եկել եմ ընտանիքիս հետ: Վստահ եմ, որ համատեղ կարող ենք իրավիճակը բարելավել»:
Հ.Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց բոլորին, ապա ասաց. «Ես առանձնապես ասելու բան չունեմ, եթե իմ կարիքը լինի, ես պատրաստ եմ ձեր կողքին լինելու, բարի երթ, լավ մնացեք»:
Նախախարը հույս հայտնեց, որ կառավարությունը Հովսեփ Սիմոնյանին աշխատանք կառաջարկի:
Նոր մարզպետը զբաղեցրեց իր աշխատեսյակն ու որպես մարզպետ առաջին մամուլի ասուսլիսի ընթացքում պատասխանեց լրագրողների հարցերին, կատակելով էլ նշեց, <<Աներս ու զոքանչս շիրակցի են, եթե ընդունել են, հույս ունեմ այստեղ էլ կընդունեն>>: