Այս ամենը անբարո է. Տիգրան Ներսիսյանը վիրավորված է/վիդեո/
Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը կրկին անգամ հերքեց “Միացյալ երիտասարդական լիգայի” այն հայտարարությունը, ըստ որի՝ դերասանը աղանդավոր է:
Տիգրան Ներսիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ինքը առաջիններից էր, որ պատահաբար իր անունը տեսնելով այդ հայտարարության մեջ՝ արձագանքել է.
՛՛Ես հայ եմ, ես կնքվել եմ հայ առաքելական եկեղեցում, ինչպես նաև իմ կինը և իմ երկու երեխաները՛՛:
Դերասանի կինը՝ Նելլի Խերանյանը, հայտարարության հաջորդ իսկ օրը զանգահարել է ՄԵԼ-ի համանախագահին և պահանջել հերքում տալ, սակայն վերջինս չնայած խոստացել էր ամեն բան ճշտելուց հետո հանդես գալ հերքման հայտարարությամբ, սակայն այդպես էլ լռել են:
Տիգրան Ներսիսյանը ինքն է հանդես եկել հայտարարությամբ, որում նշում է, որ այս նախաձեռնության երիտասարդները մեծ ծառայություն են մատուցում աղանդավորական կազմակերպություններին.”Այս կազմակերպությունների ղեկավարներն էլ իրենց հերթին լռել են ու չեն արձագանքել, որ Տիգրան Ներսիսյանը մեզանից մեկը չի, հակառակը նա այն մարդն է, որը քննադատում է մեզ”,-նշեց դերասանը:
Դերասանը պատմեց, որ առաջին անգամ իր անունը աղանդավորական շարժման հետ կապվել է անցած տարի, երբ խոսակցություններ են շրջանառվել, որ դերասանի վարած մեքենան նրան նվիրել է ՛՛Կյանքի խոսք՛՛ աղանդի ղեկավարը: Տիգրան Ներսիսյանը այն ժամանակ խորապես վիրավորվել է, սակայն փորձել է արհամարել ստահոդ լուրը:
՛՛Այսպիսի կեղծ բաներով ոչ ոք չի կարող իմ անվան վրա ստվեր գցել: Իրենք իրենց հայտարարության մեջ ասել են, որ իրենց շատերն են ճանաչում, եթե իրենց շատերն են ճանաչում՝ ինձ ճանաչում են բոլորը: Ես կասեմ միայն`այս ամենը անբարո է…՛՛,-հավելեց դերասանը:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: