ԲՀԿ-ում կարող է՞ “մեռել” են. Իրատես de facto
ԲՀԿ-ում լռություն է՝ “խորունկ-խորհրդավոր”: Լինելով երդվյալ “մաքսամետ”, բրյուսելյան իր այցով խաչ քաշելով սեփական իմիջի վրա, որպես դիվանագիտությանը քիչումիչ տիրապետող կուսակցություն, լինելով ԵԺԿ-ից մեկընդմիշտ “արտաքսված”, ռուսամետի խոր համբավ ունեցող այս կուսակցության ձայնը այդպես էլ չլսվեց Մաքսային միության առնչությամբ։ Թեմային անդրադառնում է “Իրատես de facto”-ն:
Մինչդեռ, որպես քաղաքական միավոր, պարտավոր էր հստակ դիրքորոշում ունենալ, հայտարարությամբ հանդես գալ, ինչպես ընդունված է քաղաքական պրակտիկայում, ինչպես վարվեցին մնացյալ կուսակցությունները, մանավանդ որ ինքը խորհրդարանական երկրորդ ուժն է: Օրակարգում հայտնվեց հերթապահ բառերի փուչիկը, որպես հերթական “լո-լո”, ինչպես միշտ, փաթեթավորված լինելով “իբրթեականության” գաղտնի շղարշով: Իբր թե, բան ունեն ասելու, բայց դեռ չեն ասում, բայց որ իրենք շատ կարեւոր ասելիքներ ունեն, մի խոսքով, պետք է սպասենք, մինչեւ իրենց կարեւոր բան ասելու տեղը սկսի աշխատել:
Նույնն էլ Զառա Փոստանջյանի պահով: Թե ինչ “կուլիսային, ենթակուլիսային” մտքեր ունեն այնտեղ, ինչ գործընթացների են մասնակից կամ ոչ մասնակից, չենք կարող ասել, բայց որ համավոր հարսի նման էլի լռել են ԲՀԿ-ում, դա նույնպես “արձանագրված” փաստ է:
Եվ դա այն դեպքում, երբ անգամ “Ժառանգությունն” է բլբուլ կտրել ու ասում` մենք չէինք անի այդպես, ԲՀԿ-ում լռություն է` խորունկ-խորհրդավոր:
Բայց եւ խիստ հասկանալի: