27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ով է ճնշում Սերժ Սարգսյանին. Հայկական Ժամանակ

Երեկ Սերժ Սարգսյանը անակնկալ շփում ունեցավ լրագրողների հետ: Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Կողբի զորամասում կայացած խորհրդակցությունից հետո նա հայտնվեց լրագրողների առաջ, շրջապատվեց բարձրախոսներով եւ ինչ-որ բան ասաց:

«Վարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի: Իսկ պարբերաբար հրապարակ նետվող լուրերը, իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին, մտացածին են: Եւ մենք թե´ կուսակցության, թե´ իշխանության մակարդակով շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմադրության հեղինակները, ինչպիսին են նրանց ցանկությունները, բայց կարծում եմ, որ դա իրավիճակի վրա որեւէ ազդեցություն ունենալ չի կարող: Մեր երկրում եւ մասնավորապես` մեր կուսակցությունում, առողջ աշխատանքային մթնոլորտ է»,-մասնավորապես, ասաց  նա:

Տեղի ունեցածի վերաբերյալ, իհարկե, որեւէ լրագրողական նյութ կամ ռեպորտաժ գոյություն չունի, միայն պաշտոնական լրատվություն, որտեղ բացակայում են այնպիսի անկարեւոր դետալներ, ինչպես օրինակ՝ հարցը: Ի՞նչ հարց է ուղղվել Սերժ Սարգսյանին, կամ գուցե չի էլ ուղղվե՞լ, ինչպես այդպես էլ որեւէ հարց չհնչեց բարձրախոսների առաջ նրա մենախոսությունից հետո: Կանգնել մի խումբ լրագրողների առաջ եւ մենախոսել երկրի ամենագլխավոր եւ ճակատագրական խնդրի մասին, նշանակում է ծաղրել թե´ այդտեղ ներկա, թե´ բոլոր բացակա լրագրողներին:

Տեղացի լրագրողների հետ Սերժ Սարգսյանի հանդիպումները ամեն դեպքում լինում են հազվադեպ, խիստ սահմանափակ լրագրողների մասնակցությամբ եւ միայն չափազանց կարեւոր իրավիճակներում (օտար ԶԼՄ-ներին տված հարցազրույցները թե ավելի հաճախ են լինում եւ թե ավելի հաջողված):

Օրինակ ապրիլյան պատերազմից հետո Վիեննայի գագաթաժողովից տունդարձի ճանապարհին Սերժ Սարգսյանը օդանավում պատասխանեց լրագրողների հարցերին եւ հայտարարություններ արեց շատ կարեւոր հարցերի մասին:

Կարեն Կարապետյանի հետ կապված զարգացումները նույնպես շատ կարեւոր են, սակայն Սերժ Սարգսյանն այս անգամ հակված չէր խոսել, եւ որոշ փակագծեր բացել: Մյուս կողմից փաստորեն, այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ անձամբ նրանից պետք է հնչեր հայտարարությունը, թե Կարեն Կարապետյանը հրաժարականի որեւէ պատճառ չունի եւ իրենք շատ լավ հարաբերությունների մեջ են: Հակառակ դեպքում` դա կարվեր մամուլի խոսնակի միջոցով, Շարմազանովի, Վահրամ Բաղդասարյանի կամ ուրիշների միջոցով:

Այս հայտարարությանը նախորդող 2-3 շաբաթվա ընթացքում հայկական մամուլը նպատակաուղղված Կարեն Կարապետյանին դրդում էր հրաժարականի: Ամեն օր լուրեր եւ վերլուծություններ էին հրապարակվում նրա մոտալուտ, նախկինում չստացված, բայց անխուսափելի հրաժարականների մասին: Օրինակ նշվում էր, որ այս ընթացքում Սերժ Սարգսյանն արդեն երկու անգամ նրան համոզել է հետ կանգնել հրաժարականի մտքից: Կամ վերլուծություն էր հրապարակվում, թե ինչպես կարող է վարչապետը հրաժարական չտալ տնտեսական ներկա ցուցանիշների, ներդրումների բացակայության պայմաններում:

Ցանկացած պաշտոնյայի վրա սա ճնշման լուրջ լծակ է եւ կարող էր նաեւ հաջողությամբ պսակվել: Կարող ենք ենթադրել, որ Կարեն Կարապետյանն էլ սահմանագծին էր մոտեցել եւ գուցեեւ հրաժարական տար, սակայն Սերժ Սարգսյանի հայտարարությունը կտրուկ փոխեց իրավիճակը:

Կարեն Կարապետյանը Հայաստանի վարչապետի պաշտոնում հայտնվել է ապրիլյան պատերազմից հետո, մեծապես դրա արդյունքում, եւ ինչպես ինքն է խոստովանել` 2018-ից հետո Հայաստանի ղեկավարը դառնալու պարագայում չի խորշի օգտվել Մոսկվայում իր ընկերների խորհուրդներից եւ աջակցությունից: Այս մասին Կարապետյանն ասաց, ավստրիական ռադիոյին տված վերջին հարցազրույցի ժամանակ, որտեղ նաեւ հայտարարեց, որ պատրաստ է 2018-ից հետո Հայաստանի ղեկավարը դառնալ:

Սերժ Սարգսյանն, ինչպես հայտնի է, Մոսկվայի խորհուրդներն ու օգնությունը մերժող, ավելի ինքնուրույն եւ անկախ աշխատելու ճանապարհով է գնում, որի պատճառով արդեն իսկ ռազմավարական դաշնակցի բազմաթիվ հարվածներ է հաղթահարել:

Մոսկվայի համար, ինչ խոսք, Կարեն Կարապետյանի մոտեցումն ավելի ընկալելի եւ ձեռնտու է: Իսկ Սերժ Սարգսյանի տեսանկյունից մինչեւ 2018-ը, որքան շուտ Կարեն Կարապետյանը հրաժարական տա, այնքան շուտ ռազմավարական դաշնակիցը կհրաժարվի իր դեմ հետագա դավերի մտքից:

Կարեն Կարապետյանին հրաժարականի դրդող մի շարք գործիքներ կային, որոնք բոլորը Սարգսյանը, կարծես թե, արդեն կիրառել է: Եզրափակիչ հարվածը պետք է լիներ մամուլի միջոցով ճնշումը: Երեկվա Սերժ Սարգսյանի հայտարարությունը, սակայն տպավորություն է ստեղծում, թե ռազմավարական դաշնակցի ուղիղ միջամտությամբ սույն գործընթացը կասեցվեց: Իսկ այն, որ նման հայտարարություն հնչեց անձամբ Սերժ Սարգսյանից, նրա նկատմամբ ճնշումների կասկածներ է առաջացնում:

Իհարկե, կա նաեւ երկրորդ վարկածը, որ Կարեն Կարապետյանն իսկապես շուտով հրաժարական կտա, եւ Սերժ Սարգսյանն այդ հայտարարությունն արեց` որպես ալիբի իր համար, սակայն այս վարկածը քիչ հավանական է թվում:

Ավելի հավանական է, որ առաջիկայում հրաժարական չի լինի, մամուլն էլ վարչապետին հանգիստ կթողնի, մինչեւ որ Սերժ Սարգսյանի գլխում շախմատի նոր, ավելի հաջող պարտիա ուրվագծվի:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերի այս համարում : 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ