Պաշտպանության նախարարն էլ
Հոկտեմբերի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ներկայացուցիչներ, հանրակրթության ոլորտի պատասխանատուներ, դպրոցների տնօրեններ, գործող և վաստակաշատ թոշակառու ուսուցիչներ, ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողներ:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վ. Ավետիսյանը, ով նշեց, որ Ուսուցչի օրը ամենանվիրական տոներից մեկն է, և յուրաքանչյուր մարդ հիշողության բազմաթիվ թելերով կապված է դպրոցին, յուրաքանչյուր սպա նաև իրեն վստահված ստորաբաժանման զինվորների ուսուցիչն է: “Մենք շնորհակալություն ենք հայտնում այն բանի համար, որ ձեր կրթած ու դաստիարակած աշակերտները գալով Հայկական բանակ` անառիկ են պահում մեր հայրենիքի սահմանները”:
Իր ողջույնի խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը նշեց, որ արդեն բարի ավանդույթ է դարձել այս տոնը նշելու ՀՀ պաշտպանության նախարարությունում: “Այս օրը խորհրդանշական է մեր զինված ուժերի համար այն առումով, որ պաշտպանության նախարարությունը ինքնին մի մեծ ուսումնական համակարգ է, որի գործունեության հիմքում ընկած է ուսումնադաստիարակչական աշխատանքը:
Մեր զինծառայողները թերևս դպրոցական տարիներին իրենց ստացած գիտելիքները ներդնում են զինված ուժերի մարտունակության ամրապնդման ուղղությամբ և առօրյա գործունեության ընթացքում հենվելով այդ ստացած գիտելիքների վրա` ձեռք են բերում համապատասխան մարտական հմտություններ և նաև իրականացնում զինված ուժերի առջև դրված խնդիրները”:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց, որ դպրոցի ու բանակի համագործակցության շրջանակներում այս տարվա ինն ամիսների ընթացքում պաշտպանության նախարարությունը կազմակերպել է և աջակցել է 21 ծրագրերի և շուրջ յոթ տասնյակ առավել խոշոր միջոցառումների:
Դրանք հայրենաճանաչողական արշավներ են մարտական փառքի վայրեր և պատմամշակութային հուշարձաններ, դրանք զորամասային այցելություններ են և մասնակցություն ամենատարբեր ձևաչափերով կազմակերպվող գիտաճանաչողական ծրագրերին ու ռազմամարզական խաղերին:
Ելույթներով հանդես եկան նաև հանրակրթության ոլորտի պատասխանատուներ, դպորցների ուսուցիչներ:
Միջոցառման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը միջոցառման մասնակիցներին մատաղ սերնդին ազգային-հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում ունեցած ներդրման, ինչպես նաև Ուսուցչի օրվա կապակցությամբ պարգևատրեց գերատեսչական մեդալներով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով:
Հատկանշական է, որ ուսուցիչների հետ միասին տոնական միջոցառմանը ներկա նաև նրանց նախկին աշակերտները, որոնք այժմ ժամկետային զինծառայություն են անցնում ՀՀ զինված ուժերում: