27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ռիտա Սարգսյանը երբեւէ նման բան չէր արել․ Ժամանակ

Արյունաբանական կենտրոնի բակում լրագրողների հետ զրույցի ժամանակ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի որոշ հայտարարություններ մեծ ալիք բարձրացրեցին սոցիալական ցանցերում:

Տիկին Սարգսյանը` պատասխանելով իր ամուսնու աշխատանքի հետ կապված հարցերին, նախ ասաց, թե չէր ցանկանա, որ նա առհասարակ քաղաքական ասպարեզում լիներ, նախագահ դառնար: Իսկ հարցին, թե ընդհանրապես խորհուրդներ տալի՞ս է ամուսնուն քաղաքական գործունեության ընթացքում, հայտարարեց. «Վա~յ, ի՞նչ եք ասում, ես չեմ սիրում ընդհանրապես այն կանանց, կին ասելով` տիկնանց, ովքեր պիտի խորհուրդ տան ամուսնուն, ո՞նց կարող եմ ես խորհուրդ տալ, ես դեմ եմ դրան, կյանքում չեմ տա, ու չեմ հարգի էն տղամադուն, որ պետք է լսի իմ խորհուրդը` գործի մեջ»:

Խիստ կանացի կոկետությամբ եւ նրբությամբ ասված այս խոսքերը տարբեր քննարկումների առիթ տվեցին: Դրանք վերագրվեցին հիմնականում հայկական մենթալիտետին, թե կինը չպետք է միջամտի ամուսնու մեծ գործերին: Եղան կարծիքներ էլ, թե առաջին տիկինն օբյեկտիվորեն է վերաբերվում իր հնարավորություններին, եւ փաստորեն չի մտնում այնտեղ, որտեղ ինքը, մեղմ ասած, լավագույն ձեւով չի կարող ներկայանալ: Ընդհանուր առմամբ` հայտարարությունը բացասաբար ընդունվեց ֆեմինիստների, Սերժ Սարգսյանին առանց այն էլ չընդունողների, եւ Հայաստանի քաղաքական կյանքում կանանց դերի բարձրացման ջատագովների կողմից, թե իբր առաջին տիկնոջ խոսքը կարծրատիպեր է առաջացնում, թե կանայք կամ քաղաքական գործիչների կանայք, քաղաքականությունից հեռու պետք է մնան:

Իրականում, սակայն Ռիտա Սարգսյանի տվյալ հայտարարությունը խիստ քաղաքական էր, թերեւս ամենաքաղաքականը, որ երբեւէ նա արել է:

Նա սովորաբար այդպես էլ անում է, հրապարակայնորեն չի խոսում քաղաքական անցուդարձի մասին, ոչինչ չի մեկնաբանում, կարծիքներ չի հայտնում` բավարարվում է միայն վետերանների հետ երգել-պարելով, վանա կատուների մասին խոսելով:

Այս անգամ առաջին տիկինը հրապարակայնորեն իր կարծիքը հայտնեց Հայաստանում վերջերս կատարված ամենակարեւոր քաղաքական զարգացումներից մեկի` Սեյրան Օհանյանի` խորհրդարանական ընտրություններին որպես ընդդիմություն մասնակցելու մասին:

Նա մասնավորապես ասաց, որ չի սիրում Սեյրան Օհանյանի տիկնոջը` Ռուզաննա Խաչատրյանին, որն ամուսնուն խորհուրդներ է տալիս եւ չի հարգում Սեյրան Օհանյանին, որը  կնոջ խորհուրդին հետեւելով ընդդիմացավ Սերժ Սարգսյանին:

Թե ինչ ազդեցություն ունի Ռուզաննա Խաչատրյանը ամուսնու գործունեության վրա, բոլորին է հայտնի: Օհանյանն ինքը հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ երբեմն լսում է կնոջ խորհուրդները եւ դա ոչ թե թուլության, այլ ուժի նշան է:

Սերժ Սարգսյանի կերպարը ավելի շատ հուշում է, որ նա Սեյրան Օհանյանի հետ համակարծիք չէ, եւ երբեք հաշվի չի առնում իր տիկնոջ խորհուրդները: Նման պատկերացմանը մեծապես նպաստում է նաեւ Ռիտա Սարգսյանի կերպարը: Եւ, այուամենայնիվ, քիչ չեն դեպքերը, երբ մամուլում գրվել է, որ այսինչը այսինչ պաշտոնին է նշանակվել առաջին տիկնոջ միջնորդությամբ եւ այլն:

Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանի ճակատագրին, ապա հայտնի փաստ է, որ ամեն ինչ սկսվել է Ռուզաննա Խաչատրյանի հանդեպ Ռիտա Սարգսյանի ցասումից: Նա առաջին տիկնոջը բարկացրել է Սեյրան Օհանյանին նվիրված հանրային հեռուստընկերության ֆիլմում, երբ ասել է, թե իր համար գերագույն գլխավոր հրամանատարը Սեյրան Օհանյանն է: Դա այն ժամանակ էր, երբ Պ նախարարին պատրաստում էին Սերժ Սարգսյանի ժառանգորդի դերին եւ դա այնքան էր խորացել, որ Ռուզաննա Խաչատրյանն իրեն գրեթե առաջին տիկին էր պատկերացնում: Ըստ երեւույթին, այդ հեռանկարից նաեւ ինչ-որ չափով կորցրել էր զգոնությունը: Արդյունքում նա Ռիտա Սարգսյանի նման թշնամի շահեց եւ բոլորս տեսանք, թե ինչ զարգացումներ եղան դրանից հետո:

Այս պարագայում հարցը, թե արդյո՞ք առաջին տիկինը գործի մեջ խորհուրդ տալիս է ամուսնուն, թե՞ ոչ, երկրորդական է դառնում: Որովհետեւ, եթե անգամ տիկին Սարգսյանը խորհուրդ չի տալիս, ապա ակնհայտորեն պրոցեսների վրա ազդելու սեփական ուղիներն ունի:

Այս տիկնանց պատերազմը միայն վերոնշյալ դրվագով չի արտահայտվել: Քարոզարշավի վերջին օրերին Ռուզաննա Խաչատրյանը մասակցում էր ՕՐՕ դաշինքի երթին, եւ «Ազատության» լրագրողի հարցերին ի պատասխան թափանցիկ ակնարկներ արեց այն մասին, որ իր ընտանիքի դեմ արշավը կազմակերպվում է Ռիտա Սարգսյանի կողմից:

«Իշխանության ղեկին գտնվում են մարդիկ, ովքեր կազմակերպում են այդ տեղեկատվական տեռորը ընտանիքների եւ հատկապես կանանց հանդեպ: Եւ եթե անհրաժեշտություն լինի, ես դեռ մամուլով ելույթ կունենամ եւ կներկայացնեմ որոշակի փաստեր, որոնք կապացուցեն դա»,- ասաց Սեյրան Օհանյանի կինը:

Նման անհրաժեշտություն հետագայում չառաջացավ, որովհետեւ այդ արշավը չշարունակվեց, նույնիսկ «Իգլայի» գործով բացահայտումները չշարունակվեցին, եւ որեւէ բառ անգամ չհնչեց, թե ինչ կապ ուներ դաշինքի առաջնորդը այդ գործի հետ:

Սեյրան Օհանյանն էլ ընտրություններից հետո հայտարարեց, որ Հայաստանում որեւէ մեկի հետ խնդիր չունի: Այսպիսի հանգուցալուծումից եւ հարաբերական անդորրից հետո Ռիտա Սարգսյանի արյունաբանական կենտրոնում արած հայտարարությունները ընդամենը սեփական հաղթանակը ընդգծելու եւ Ռուզաննա Խաչատրյանին նվաստացնելու նպատակ ուներ: Եւ դա բացարձակապես ամուսնու գործերին չմիջամտող կնոջ խոսք չէր:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ