«Նիկոլայ Երկրորդի պես փակում են հայկական դպրոցները»
«Մեսրոպ Մաշտոցից հետո հայկական դպրոցներն են փակում այս երկրում… Մարդկանց ՀՀ-ից վռնդեցին, վտարեցին, արտագաղթ ստեղծեցին, հիմա էլ դպրոցներն են փակում: Հայաստանը չի կարելի լիկվիդացնել, փոքրացնել ու կրճատել: Դպրոցը մեր մշակույթի գլխավոր բաղադրիչն է», – Henaran.am-ի հետ զրույցի ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով առաջիկայում տեղի ունենալի՝ դպրոցների ու հիվանդանոցների օպտիմալացմանը:
Վերջինս շեշտեց՝ մեր իշխանությունները Նիկոլայ Երկրորդ ցարի գործն են շարունակում՝ փակելով հայկական դպրոցները:
«Այո՛, Նիկոլայ Երկրորդի պես փակում են հայկական դպրոցները, նրա գործն են անում: Մենք հին ժողովուրդ ենք՝ ծեր, աղքատ, հիվանդ… ու այդ ամենը այս իշխանությունների պատճառով: Հիվանդանոցներն էլ են փակում: իսկ եթե ուզում են այս օպտիմալացման միջոցով փակել բյուժեի դեֆիցիտը, ապա ասեմ՝ դա կարելի է անել այս կերպ. թո՛ղ բռնագանձեն այն գումարները, որոնք գողացվել են այս պետությունից: Լավ աշխատելու պատագայում բյուջեն դեֆիցիտ չէր ունենա: Թե չէ, դպրոց փակելով մի՞թե կարելի է բյուջե լցնել. էլ ո՞ւմ է պետք այդ բյուջեն, եթե դրա դիմաց մենք պիտի վճարենք հայկական դպրոցներով, մեր առողջությամբ ու արտագաղթով», – նշեց Ազատ Արշակյանը: