Շնորհակալություն ասեք Ձեր ուսուցիչներին. Արմեն Աշոտյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր “Ուսուցչի տոնի” կապակցությամբ հանրապետության մի խումբ ուսուցիչների շնորհավորել ու պարգևներ է հանձնել: ՀՀ ԿԳ նախարարը շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առիթով, ընդգծել է, որ ուսուցիչն արժանի է ամենօրյա գնահատանքի ու մեծարանքի:
“Սիրելի ուսուցիչներ, այս օրերեին Դուք լսելու եք ջերմագին մաղթանքներ ու շնորհավորանքներ, շնորհակալության և երախտիքի խոսքեր: Դա հասարակության վերաբերմունքն է հայ մանկավարժի նկատմամբ: Տարիներ շարունակ հայ մանկավարժը կրել է ոչ միայն Հայաստանի կրթության հիմնական բեռը, այլև եղել է նորանկախ պետության հիմնական շարժիչ ուժերից մեկը:
Ուսուցիչն է կյանք ուղղորդել այն սերնդին, որն իր ուսերի վրա կրեց մեր անկախ պետության հասարակական, տնտեսական, գիտական, մշակութային և քաղաքական համակարգերը կերտելու ծանր ու պատասխանատու բեռը: Ես այսօր չեմ ուզում խոսել խնդիրներից, կրթական բարեփոխումներից ու մնացած հարցերից՝ այսօր այդ օրը չէ:
Վստահ եմ, որ, հասարակության անկեղծ շնորհակալությունն ու երախտիքը ցանկացած մանկավարժի համար նույնքան կարևոր են, որքան նրանց սոցիալական խնդիրների բարելավմանն ուղղված պետության ջանքերը,- շնորհավորանքի խոսքում նշել է Ա. Աշոտյանն ու շարունակել,- Ես, Ուսուցչի տոնի առիթով խնդրում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ այսօր բոլորդ շնորհակալություն ասեք ձեր ուսուցիչներին:
Շնորհակալություն ասեք բոլոր նրանց, ումից կյանքում գոնե մի բան սովորել եք, այն մարդկանց, ովքեր դերակատարում են ունեցել Ձեր ճակատագրի ու մեծ կյանքի դռները ձեր առջև բացելու համար: Թող բոլոր ուսուցիչներն այսօր իրենց շոյված ու գնահատված զգան, լսելով շնորհակալություն բառը: Հետևելով իմ կոչին, ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ուսուցիչներին՝ շնորհավորում եմ նրանց և ևս մեկ անգամ ասում՝ շնորհակալություն”:
Այնուհետև նախարարը հրավիրված շուրջ 4 տասնյակ մանկավարժների՝ բարեխիղճ և նվիրված աշխատանքի համար պարգևատրել է ՀՀ ԿԳՆ պատվոգրերով, շնորհակալագրերով ու ՀՀ ԿԳՆ Ոսկե հուշամեդալով: Մի խումբ լավագույն ուսուցիչների մրցանակներ է հանձնել նաև “Յուքոմ” ընկերությունը: