՛՛Ատրճանակով բոմժատիպ էլեկտրիկին ծեծած մինիստրը ուզում է նախագահ դառնալ՛՛
Ով կդառնա գրողների միության հաջորդ նախագահը: Այս հարցի շուրջ գրականագետ Սուրեն Աբրահամյանը և բանաստեղծ Արտեմ Հարությունյանը կիսվեցին լրագրողների հետ:
՛՛Սոսկալի լավ ժառանգություն ստացավ Լևոն Անանյանը՝ շուրջ 400 գրող, որոնցից մեծ մասը ընթերցող չունի: Նա լավ աշխատեց, բայց ցավոք այսօր էլ գրողների միությունը ունի նույնքան անդամ՛՛,-ասաց Արտեմ Հարությունյանը, նկատելով, որ այսօր Հայաստանը շատ քիչ է երևում միջազգային գրական դաշտում:
՛՛Ես շատ կուզեի, որ գրողների միությունը ազատվեր ինքնաբավությունից: Պետք չէ այն դիտարկել, որպես հասարակական կազմակերպություն, քանի որ այն ստեղծագործական միություն է: Մանավանդ, որ հայոց արգանդը դեռ չի չորացել և դեռ կան բավականին լավ գրողներ՛՛,-կարծում է գրականագետ Սուրեն Աբրահամյանը:
Արտեմ Հարությունյանը, սակայն կարծում է, որ գրողի դերը հասարակությունում միշտ էլ ժամանակի հրամայական է եղել. “Ինչքան էլ մենք փակվենք մեր կաբինետներում, դրսի ժխորը մեզ հրամայում է շարժվել ըստ էության”: Անցնելով ԳՄ նախագահի հավանական թեկնածուներին, բանաստեղծը եզրահանգեց.
“Մի մինիստր կար, որը ատրճանակով ծեծեց մի բոմժատիպ էլեկտրիկի, հիմա ուզում է դառնալ նախագահ, նա միջակ գրող է: Ծխամորճով է ման գալիս հիմա ու փչում տիեզերքի դեմքին: Մյուսն էլ Դավիթ Մուրադյանն է, որը ունց որ երկնային տեգ լինի ուղղված դեպի երկինք և գրողների միությանը:
Ռազմիկ Դավոյանը, որը վերջին քսան տարում ոչինչ չի գրում կործանեց գրողների միությունը: Բոլորը ծանրանիստ ծխամորճերով փորձում են ներխուժել գրողների միության պադվալային հարկը՛՛,-ասաց Արտեմ Հարությունյանը:
Արտեմ Հարությունյանը դեռ չի պատրաստվում խոսել իր նախընտրած թեկնածուի մասին չնայած՝ ՛՛Միլիտոնյանը խոդի է՛՛,-հավելեց Արտեմ Հարությունյանը: