29 Հունիսի, Saturday, 2024
KFC

Ստրասբուրգում Հայաստանի իշխանություններից դժգոհելու իմաստը ո՞րն է. Կարեն Ավագյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին.

Երբ սեպտեմբերի 3-ին հայտարարվեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու մասին, պարզից էլ պարզ էր, որ արևմտյան դրամաշնորհներով սնվող որոշ անհատներ Հայաստանում կակտիվանան, և է՜լ ավելի սուր կդառնան նրանց շեշտադրումները։ Հասկանալ կարելի է այդ մարդկանց. կա՜մ ընտանիք պահելու խնդիր են լուծում, կա՜մ էլ լինենք լավատես ու համարենք, որ ժողովրդավարության, քաղաքացիական պայքարի իրենց ըմբռնումներն ունեն, և նրանց պայքարը գաղափարական է։ Բայց ես ոչ մի կերպ չեմ հասկանում այն հայորդիներին, ովքեր երեկ Ստրասբուրգում՝ Եվրախորհրդի շենքի մոտ, բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանի իշխանությունների դեմ։

Հայրենիքը լքելու օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ կարող են լինել, ուզում եմ հավատալ, որ դրսում ապրող բոլոր հայերն էլ հոգու թելերով կապված են մեր երկրի հետ, և բոլորի նպատակն էլ բարեկեցիկ, լավ Հայաստան ունենալն է։ Սակայն սեփական երկիրը եվրոպաների պատերի տակ վարկաբեկելը, կներեք, ունի իր անունը։ Որքան պետք է չսիրել կամ ստորադասել հայրենիքը՝ նման քայլի գնալու համար։

Հետաքրքիր է, որ Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը քննադատողները դա անում են եվրոպաներում։ Եվրոպաները չեն կերտելու մեր երկիրը։ Ստրասբուրգում Հայաստանի իշխանություններից դժգոհելու իմաստը ո՞րն է, երևի կարծում են, թե ֆրանսիացին կգա ու մեր փոխարեն երկի՞ր կկառուցի։ Բացառվում է։ Մեզանից բացի, դա ոչ ոք չի անելու։

Հեշտ է մոլեռանդ հայրենասեր ձևանալ և քննադատել եղածը, երբ ապրում ես խաղաղության ու կոմֆորտի մեջ՝ հեռու վտանգներից ու մարտահրավերներից։ Հեռվից հեռու սուր ճոճելու փոխարեն գուցե գայիք ու ապրեիք այն նույն դժվարությունները, ինչ այստեղ գտնվող մարդիկ։ Գուցե գայիք ու ձեր ներկայությամբ հզորացնեիք Հայաստանը։ Գուցե այդ ժամանակ զգայիք խաղաղության ու անվտանգության գինն ու գնահատեիք այն պահպանելու ջանքերը։ Այդ դեպքում հաստատ ձեր լեզուն կկարճանար։

Հայաստանը ո՜չ Գերմանիա է, ո՜չ ԱՄՆ, ո՜չ էլ Ռուսաստան։ Հայաստանը մեր հայրենիքն է ու շատ ավելի լավը, քան նշվածները։ Ու այդ հայրենիքը պետք է զգալ այստեղ՝ Երևանում, Չարենցավանում, Արթիկում, Գորիսում, Գյումրիում։ Այն ժամանակ խոսելու իրավունք կունենաք։ Իսկ եթե պահանջատեր եք հայրենիքի նկատմամբ դրսում, ապա օրինակ վերցրեք սփյուռքահայ մեր հայրենակիցներից, ովքեր տասնյակ տարիներ գործել են ի շահ Հայաստանի ու նրա հզորացման։

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ