Տիգրան Սարգսյանի պետերբուրգյան օրակարգից
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Նախքան 15-րդ նիստի բացումը կայացել է հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի առանձնազրույցը։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Մաքսիմ Սոկոլովին ջերմ հյուրընկալության համար և նշել. ՛՛Մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերը զարգանում են վերընթաց կերպով: Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2012 թվականին աճել է 20 տոկոսով և անցել մեկ միլիարդ դոլարի սահմանագիծը:
Սա իրականում լուրջ առաջընթաց է, որը երկկողմ ջանքերի արդյունք է: Ինձ համար, որպես երկրի վարչապետի, հատկապես հաճելի է ընդգծել, որ 2012 թվականին արձանագրվել է Հայաստանից Ռուսաստան արտահանման 26 տոկոս աճ: Նման դինամիկան մեր արտահանման ուղղությամբ պահպանվում է նաև 2013 թվականին: Սակայն այս առաջընթացի հետ մեկտեղ մեր առևտրատնտեսական հարաբերություններում տեղի է ունեցել մի իրադարձություն, որն ունի հիմնարար նշանակություն:
Հայաստանը որոշում է կայացրել մուտք գործել Մաքսային միություն, իսկ հետագայում նաև մասնակցել Եվրասիական տնտեսական միության կազմավորման գործընթացին: Ռուսաստանը սատարել է այս որոշմանը և պատրաստակամություն հայտնել աջակցել այդ գործընթացին՛՛:
Վարչապետի խոսքով` այդպիսով Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությանը, որն ամրապնդված է երկու երկրների միասնական պաշտպանական միավորմանն անդամակցությամբ, ավելացել է նաև մասնակցությունը միասնական ինտեգրացիոն գործընթացին:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս իրավիճակը հատուկ նշանակություն է տալիս երկկողմ հարաբերություններին և ստեղծում որակական նոր հնարավորություններ` հայ-ռուսական հետագա համագործակցության համար:Այն պարտավորեցնում է մեզ հետևողական և նպատակային գործողությունների, որոնք պետք է նոր ուժ և բովանդակություն հաղորդեն այս ռազմավարական կարևոր որոշմանը:
Նշենք, որ ինտեգրացիոն միավորումները պետք է կառուցվեն ոչ թե քաղաքական նպատակների, այլ տնտեսական նպատակադրումների հիման վրա: Մեզ ոչ ոք Մաքսային միություն չի հրավիրել: Հայաստանի` Մաքսային միությանն օգտին ընդունած որոշումն ամբողջովին գիտակցված և կշռադատված քայլ է:
Դրա հետևում մի կողմից կա պատմական փորձ, մյուս կողմից` սառը հաշվարկ` ուղղված այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք լիովին համապատասխանում են մեր երկրի ազգային շահերին՛՛,- ընդգծել է Հայաստանի կառավարության ղեկավարը:
Անցնելով միջկառավարական հանձնաժողովի առջև դրված խնդիրներին` վարչապետ Սարգսյանը նշել է, որ այսօր դրանք մեծ մասամբ պետք է որոշվեն երկկողմ համագործակցության զարգացման հանձնարարականներով և ուղղություններով: Խոսքը գնում է այնպիսի ծրագրերի մասին, որոնք ուղղված են արդիականացմանը, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, ինչի համար կարևոր դեր կարող է խաղալ Ազատ տնտեսական գոտու լիակատար գործառնումը: ՛
՛Խոսքը նաև գնում է էներգետիկ անվտանգության ամրապնդման և այնպիսի խնդիրների մասին, որոնք կապված են էներգակիրների մատակարարման և գործող ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման հետ՛՛,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Ողջունելով Հայաստանի կառավարական պատվիրակությանը` Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ ռուսական կողմը ևս կարևոր նշանակություն է տալիս երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացմանը, որը լավ հնարավորություն է կառուցողական մթնոլորտում քննարկելու նոր խնդիրներն ու մարտահրավերները, առաջնահերթությունները և երկկողմ համագործակցության զարգացման ուղիները:
՛Ռուսաստանը և Հայաստանը երկար տարիներ պահպանում են փոխշահավետ առևտրատնտեսական կապեր`ռազմավարական կարևոր ուղղություններով: Երկու երկրների նախագահների ու նաև Ձեր, պարոն վարչապետ, ջանքերի շնորհիվ յուրաքանչյուր տարի արձանագրվում է հայ-ռուսական տնտեսական կապերի դինամիկ զարգացում, որը ամուր հիմք է հանդիսանում հետագա փոխգործակցության զարգացման համար՛՛,- ասել է Մաքսիմ Սոկոլովը:
ՌԴ տրանսպորտի նախարարը բարձր է գնահատել երկկողմ ներդրումային համագործակցությունը, որի արդյունքում իրականացվում են նոր ծրագրեր`էներգետիկայի, տրանսպորտի, գիտատեխնոլոգիական և այլ ոլորտներում:
՛՛Ռուսական կապիտալն իր ակտիվ մասնակցությունն է բերում Հայաստանի տնտեսությունում նոր ծրագրեր իրականացնելու գործին: Երկկողմ ինտեգրացիոն կապերի խորացումը ևս կարևոր նշանակություն կունենա հետագա կապերի ամրապնդման գործում:
Վերջին ամիսների ընթացքում, Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշումից հետո, մեր ռազմավարական կապերը բարձրանում են որակական նոր մակարդակի, ինչը նոր խթան կհանդիսանա մեր ազգային տնտեսությունների զարգացման համար՛՛,-ասել է ռուսական կողմի համանախագահը: Մաքսիմ Սոկոլովը վստահություն է հայտնել, որ երկու երկրներին Մաքսային միության շրջանակներում կհաջողվի իրականացնել բազմաթիվ հավակնոտ ու նպատակային ծրագրեր:
Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը ստորագրել են տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի արձանագրությունը։ Մ. Սոկոլովի անունից միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի մասնակիցների պատվին կտրվի պաշտոնական ճաշ։