02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանը սեռով պայմանավորված աբորտների թվով աշխարհում երրորդ պետությունն է

Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է: Օրվա խորհուրդն է եւս մեկ անգամ ուշադրություն դարձնել տարեցների խնդիրների վրա, հատկապես այն պարագայում, որ ամբողջ աշխարհը գնում է ծերացման: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանի գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: 

Եթե մոտ 20 տարի առաջ մեկ կնոջ հաշվով բաժին էր ընկնում 7-8 երեխա, ապա այսօր մաքսիմալը 6-ն է, այն էլ հիմնականում աֆրիկյան երկրներում: Հայաստանում 60 տարեկանից բարձր է բնակչության 14.4 տոկոսը: Տարածաշրջանի տվյալներով` Ադրբեջանում այդ թիվը կազմում է 8.5 տոկոս, Վրաստանում` մոտ19, Թուրքիայում` 10 տոկոս:

Մինչեւ 2050 թվականը, համաձայն կանխատեսումների` Հայաստանում 60-ից բարձր տարիքային խումբը կկազմի 31.5 տոկոս: Մինչդեռ, ըստ Գ. Հայրապետյանի, ծերացող է համարվում այն հասարակությունը, որտեղ տարեցների թիվը կազմում է 13 եւ ավելի տոկոս: 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գեւորգյանը կարծում է, որ պետության պարտավորությունները տարեցների նկատմամբ գնալով ավելանում են: Այժմ նոր ռազմավարություն է մշակվում, նոր ծրագրեր կան:

Հայաստանում ներկայումս 8 ծերանոց է գործում` 4 պետական եւ 4 մասնավոր, որոնցից 2-ը` Երեւանում: Ծերանոցներում ապրում է 1 200 հոգի այն դեպքում, երբ Հայաստանում 364 000 65-ից բարձր տարիք ունեցող կա: Ա. Գեւորգյանի խոսքով` 1 200-ը բավական փոքր թիվ է, եւ սա խոսում է այն մասին, որ մենք հարգում ենք մեր ծերերին, նրանք ապրում են ընտանիքներում: 

Գարիկ Հայրապետյանը նշեց, որ եթե այսօրվա ցուցանիշները պահպանվեն` արտագաղթ, ցածր ծնելիություն, ապա 2017 թվականին Հայաստանի աճը կդառնա նեգատիվ. “Այսինքն` էլ բնականորեն չենք աճի, ազգաբնակչությունը կտրուկ կնվազի”,- ասաց նա: 

Ի դեպ, բանախոսը նշեց նաեւ, որ Հայաստանը ներկայումս սեռով պայմանավորված աբորտների թվով աշխարհում երրորդ պետությունն է` Չինաստանից ու Ադրբեջանից հետո: Սա էլ հետագայում լուրջ խնդրի կհանգեցնի, քանի որ աղջիկները տղաներից շատ ավելի քիչ են:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ