27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին:

Ողջունելով հյուրին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր գնահատեց Հայաստանի դիվանագիտության ակտիվ ներգրավվածությունը միջազգային բազմակողմ գործընթացներում։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին սիրիական ճգնաժամի, դրա հետևանքով փախստականների արտահոսքի վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը հյուրընկալել է տաս հազարից ավել սիրիահայերի, իսկ Սիրիայի ժողովրդի անբաժանելի մասը կազմող տասնյակ հազարավոր սիրիահայեր շարունակում են ապրել ճգնաժամի պայմաններում։

Հայաստանի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունեցին սեպտեմբերի 27-ին Անվտանգության խորհրդում սիրիական քիմիական զենքի վերաբերյալ միաձայն ընդունված բանաձևը և կարևորեցին հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակումը։

Էդվարդ Նալբանդյանն ու Բան Կի-մունը անդրադարձան  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացին։ Նախարար Նալբանդյանը ներկայացրեց հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը։

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ ՄԱԿ-ը և Եվրոպայի խորհուրդը հանդիսանում են առանցքային գործընկերներ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների պաշտպանության, այլատյացության  և անհանդուրժողականության դեմ պայքարում, որոնք համաեվրոպական այդ կառույցում Հայաստանի նախագահության առաջնայնություններից են։  

Անդրադառնալով ՄԱԿ-ի բարեփոխումների գործընթացին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը: «Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի բարեփոխումների գործընթացին և  պատրաստ ենք մեր ներդրումը բերելու այդ գործին: Հավատում ենք, որ բարեփոխումները հնարավորություն են ընձեռում ընդլայնելու կազմակերպության դերը՝ միջազգային հանրության առջև ծառացած առանցքային խնդիրներին լուծումներ գտնելու համար»,- ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ