Պսակադրությանը մասնակցել է Տարոն Մարգարյանը /ֆոտո/
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/006_1380379557.jpg)
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Նորք-Մարաշ վարչական շրջանի ավանդական տոնին: Արդեն չորրորդ տարին անընդմեջ սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշվող տոնն իսկական տոնախմբության է վերածվում ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլեւ տոնին մասնակից բոլոր երեւանցիների համար: Մայրաքաղաքի սիրված հանգստյան գոտիներից մեկը դարձած Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում տոնի շրջանակում կազմակերպվել էր համերգ:
Հին ու նոր Նորք-Մարաշը կամրջող յուրօրինակ դրսեւորում էր նաեւ եկեղեցու բակում բացված նկարների ցուցահանդեսը, որը ներկայացնում էր Հին Նորքի ստեղծման պատմությունն ու ժամանակակից նկարիչների աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանի ուղեկցությամբ շրջել ու ծանոթացել է ներկայացված գործերին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է նորքմարաշցիներին, այնուհետ ծաղիկներ դրել եկեղեցու տարածքում կանգնեցված զոհված ազատամարտիկների հուշարձանին, որից հետո մոմ է վառել Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Նորք-Մարաշի տոնին յուրօրինակ խորհուրդ էր հաղորդում նաեւ պսակադրվող զույգերի այցը եկեղեցի, որոնց, օգտվելով առիթից, շնորհավորել ու երջանկություն է մաղթել նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն