26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մարզերում ակնաբուժական կենտրոններ կստեղծվեն

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց ամերիկահայ ակնաբույժ, “Հայկական ակնաբուժության նախագիծ” բարեգործական կազմակերպության հիմնադիր-նախագահ, Ռոջեր Օհանեսյանին և կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Նունե Եղիազարյանին։ 

Նախարարը չափազանց բարձր գնահատեց անցած 21 տարվա ընթացքում ՀԱՆ-ի Հայաստանի ակնաբուժության զարգացման գործում ունեցած ներդրումը։ Կազմակերպությունը, համագործակցելով  ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ, մարզերում և Երևանում իրականացնում  է «Լույս հայի աչքերին» ծրագիրը, որի շրջանակում մարզերում իրականացվել են բնակչության ակնային լայնածավալ զննումներ և ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն: Շուտով կսկսվի մարզային հերթական` վեցերորդ շրջայցը։

ՀԱՆ-ը թևակոխում է ծրագրային մի նոր փուլ։ Դեռ այս տարվա հուլիսին Լոս Անջելեսում Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարի ընթացքում Ռոջեր Օհանեսյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ Դերենիկ Դումանյանը քննարկել էր մարզային ակնաբուժական հինգ կենտրոն ստեղծելու հարցը։ Եւ այս հանդիպումն ավելի շատ համագործակցության հետագա քայլերը հստակեցնելու նպատակ ուներ։ Նախարարը կարևորեց  ակնաբուժական ծառայությունները արդիականացված մարզային բուժհիմնարկներում հիմնելը, որպեսզի գործող ծառայություններն իրենց մատուցման որակով համահունչ լինեն ներդրվող նոր ծառայությանը։ Առաջնահերթությունը տրվում է հեռավոր մարզերին, որտեղ  ակնաբուժության ստացիոնար ծառայություն կազմակերպելու անհրաժեշտությունն ակնհայտ է դարձել մարզերում բաց դռների օրերի ընթացքում։

Ռոջեր Օհանեսյանը նշեց, որ մարզային ակնաբուժական կենտրոններում նախատեսվում են զննման սենյակ և վիրահատարան, որոնք կհագեցվեն անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով։ Կիրականացվեն առավել տարածված հիվանդությունների` կատարակտի և գլաուկոմայի վիրահատություններ: Ծրագրի հետագա  հաջողության գործում նա կարևորեց այդ կենտրոններում աշխատող բժիշկների մասնագիտական հմտությունները և մատուցվող ծառայությունների որակը, որպեսզի չշարունակվի մարզերից հոսքը դեպի մայրաքաղաք:

Դերենիկ Դումանյանն առաջարկեց  ակնաբուժական առաջին կենտրոնը հիմնել Տավուշի մարզում, հավելելով, որ մարզային ղեկավարությունն արդեն պատրաստ է դրան և ծրագրի մասնագետների հավանությանն է արժանացել այն Իջևանի արդիականացված բժշկական կենտրոնում կազմակերպելու առաջարկը։ Նախարարը նաև նշեց, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայից հայրենիք վերադարձած ակնաբույժ ամուսինների հետ, ովքեր Սիրիայում ակնաբուժական կլինիկա են ունեցել, բարձր որակավորման մասնագետներ են և պատրաստակամություն են հայտնել աշխատել Տավուշի մարզի այդ կենտրոնում:

Այնուհետև, առաջնորդվելով նույն սկզբունքներով, Դերենիկ Դումանյանն առաջարկեց ծրագրի իրագործումը հաջորդաբար շարունակել Գյումրիում, Վայոց ձորում, Լոռիում, Սյունիքում։ Քննարկվեց հնարավորության դեպքում ծրագիրը Արցախում ևս իրականացնելու հարցը։

Հանդիպման ընթացքում նախարարին տեղեկություններ տրվեցին նաև կուրությունը կանխելու նպատակով անհասության ռետինոպատիայի նորածնային սկրինինգի և բուժման ծրագրի ընթացքի մասին: Որպեսզի ռիսկային խմբում գտնվող երեխաների հետագա վիրահատական բուժումն այսուհետ արտասահմանում չիրականացվի, ՀԱԿ-ն իր գործընկերների հետ Երևանում ստեղծում է «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն»։ Նշվեց, որ արդեն Հայաստան են բերվել վիրահատական բուժման համար անհրաժեշտ սարքավորումները։

 Դերենիկ Դումանյանը վստահեցրեց, նախարարությունը կշարունակի սատար կանգնել կարևոր այս ծրագրերին և կաջակցի նոր ստեղծված մարզային ակնաբուժական կենտրոնների գործունեությանը։ 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ