Անօթևանները շոկի ենթարկվեցին Շիրակի մարզպետարանում (ֆոտո, տեսանյութ)
Այսօր Շիրակի մարզպետարանի նիստերի դահլիճում բաժանեցին բնակարանների գնման վկայագրերը։ Պետությունն այսուհետ ավարտված է համարում Գյումրի քաղաքում երկրաշարժից անօթևան մնացած մարդկանց բնակարաններով ապահովելու իր պարտականությունը։ Այս տարի ԲԳՎ ծրագրի համար պետությունը հատկացրել է 546 միլիոն դրամ։ «Սրանով մենք Գյումրի քաղաքում ավարտում ենք երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրը։ Իհարկե, մենք ունենք անօթևաններ, բայց կոնկրետ 2008 թվականին ֆիքսված, շահառու ճանաչված բոլոր ընտանիքների որոշ մասը ստացել են բնակարաններ, որոշները՝ վկայագրեր։
Այս տարի 83 ԲԳՎ ենք տալու; որոշակի գումար մնում է, հետագայում դատական կարգով եթե որևէ մեկը իր իրավունքը կվերականգնի, մենք ունենք փոքրիկ գումար, որ նաև էդ միջոցով մեր բնակիչներին օգտակար կլինենք։ Այս տարվա ընթացքում 83-ով մենք ընդհանրապես ավարտում ենք Գյումրի քաղաքում երկրաշարժից անօթևանների խնդիրը»,-ասաց Շիրակի մարզպետը. ով նաև շեշտեց, որ սրանով չի ավարտվում Գյումրիում անօթևանության խնդիրը. դեռ կան տնակներում ապրող բազմաթիվ մարդիկ, որոնք, սակայն, երկրաշարժից անօթևան չեն։
Շիրակի մարզպետը նշեց. որ առաջիկայում պայմանավորվածություն են ձեռք բերել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ իրականացնել անօթևանների հաշվառում։ Այսօր ԲԳՎ-ներ տրամադրվեցին 23 ընտանիքների, առաջինը վկայագիր տրամադրվեց ամենատարեց շահառուին՝ Ռոզա Ասատրյանին։ 29 տարի շարունակ տնակներում ապրող անօթևաններից մի քանիսը հուզվեցին, արտասվեցին, եղան մարդիկ, որոնք կատակով բնութագրեցին կառավարության անտարբեր վերաբերմունքն իրենց հանդեպ։
Ռիտա Ավետիսյանը արտասվում էր։ Նա բնակարան ունենալու փաստաթղթին սպասել էր 29 տարի՝ ապրելով տնակում; վարձով ինչպես ինքը բնորոշեց թափառական կյանքով։ Վերցնելով վկայագրի սեղմել էր կրծքին ու աչքերից արցունքները հոսում էին։ Հիմա պատրաստվում է գտնել երկու սենյականոց էժան բնակարան; որ կարողանա հատկացված գումարով այնքան սպասված տունը գնել։
Նշենք, որ բնակարանների գնման վկայագիր ստանալուց հետո բնակիչն ինքն է պարտավորվում տրամադրված գումարի սահմաններում բնակարան փնտրելու ու ձեռք բերելու։ Սակայն, ըստ շահառուների, բնակարանների շուկայական գները բարձր են, իսկ կառավարության՝ իրենց հատկացրած գումարը քիչ է։ Մեկ սենյականոց բնակարան ձեռք բերելու համար կառավարությունը տրամադրում է 4 միլիոն 923 հազար դրամ, երկու սենյականոցի համար՝ 6 միլիոն դրամ, երեք սենյականոցի համար 7 միլիոն 111 հազար դրամ։ Անօթևանը պարտավորվում է վեց ամսվա ընթացքում՝ մինչև նոյեմբեր ԲԳՎ-ով տուն ձեռք բերել, այլապես ընդմիշտ կզրկվի բնակարան ունենալու հնարավորությունից։