07 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

Ներկայացվեցին Հայաստանի ներգնա տուրիզմի հնարավորությունները /ֆոտո/

Սեպտեմբերի 27-ը Զբոսաշրջության համաշխարհային օրն է։ Օրվա առթիվ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Հյուսիսային պողոտայում կազմակերպել էր զբոսաշրջային էքսպո։ 25 տաղավարներում ցուցադրված էին հանրապետության 10 մարզերը և ներգնա տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող կառույցներ։

Հայաստանի երիտասարդական  հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի  համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ Հայաստանի համար գերակա ճյուղ է տուրիզմի զարգացումը, և այս ցուցահանդեսով հիմնադրամը փորձել է իր ներդրումն ունենալ զբոսաշրջության զարգացման ոլորտում տարվող աշխատանքներին։ Հանրապետության մարզերը ներկայացվել են հիմնադրամի մարզային կենտրոնների կողմից։ Կարեն Ավագյանը կարևորեց այն փաստը, որ երիտասարդները հենց իրենք են ցուցադրում իրենց բնակավայրերի զբոսաշրջային ներուժը։ Նա նաև նկատեց, որ մարդիկ այսօր հաճախ ինֆորմացիայի պակաս ունեն, և նման միջոցառումներով փորձում են լրացնել այդ բացը։

Կոտայքի փոխմարզպետ Կարեն  Մարգարյանը նշեց, որ Կոտայքը զբոսաշրջային մարզ է։ Դեռևս 2011 թվականին հաստատվել է մարզի զարգացման քառամյա ծրագիրը, որտեղ առանցքային տեղ է հատկացված զբոսաշրջությանը՝ սկսած զբոսաշրջային տարբեր ենթակառուցվածքների զարգացումից, մինչև մարզի մշակույթի, ավանդույթների արդյունավետ համադրում արդի զբոսաշրջության պահանջներին։

Տուրիստական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչ Մելինե Մարտիրոսյանն էլ տեղեկացրեց, որ վերջին շրջանում հանրապետությունում նկատվում է ներգնա տուրիզմի ակտիվացում։ Ըստ տուրօպերատորի՝ Հայաստանում առավել պահանջարկ ունեն դեպի Ծաղկաձոր, Ջերմուկ, Դիլիջան տուրիստական զբոսաշրջային փաթեթները։

Հայաստանի երիտասարդական  հիմնադրամի Լոռու մարզային կենտրոնի համակարգող Վահե Դոխոյանը շեշտեց, որ պետք է կիրառել արդի տեխնոլոգիաները՝  մարդկանց տեղեկացնելու մարզերի զբոսաշրջային հնարավորությունների մասին։ Ըստ նրա այսօր շատերը, տեսնելով Լոռու տաղավարն ու ծանոթանալով մարզի տուրիստական վայրերին, զարմանում էին, որ այդպիսի տեղեր կան Հայաստանում։

Տուրիզմի համաշխարհային  օրվան նվիրված զբոսաշրջային էքսպոն ոչ միայն ցուցադրում էր մարզերի զբոսաշրջային առանձնահատկությունները, խոհանոցը, այլև ուղեկցվում էր մշակութային տարբեր ծրագրերով։ Ներկայացված էր ազգային երգն ու պարը, հենց Հյուսիսային պողոտայում հաց էին թխում, բրուտագործները տեղում թրծում էին կավե իրեր, թել էին մանում, իրենց արհեստն էին ցուցադրում նաև գորգագործները։

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ