Մշակութային շոկ ապրեցի. Փաշինյանը՝ Բաբլոյանից
«Շատ դեպքերում Ազգային ժողովին Բաղրամյան 26-ից են հուշում, թե ինչպես աշխատել, ինչ անել, կառավարությունը պիտի հրաժարական տա, թե չէ»,-այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ԱԺ նախագահի թեկնածուների մասին: Փաշինյանը կարծում է, որ եթե ԱԺ նախագահն ընդդիմությունից լինի, ապա Ազգային ժողովի դերն էլ կբարձրանա:
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց՝ ՀՀԿ-ի թեկնածու Արա Բաբլոյանին հարգանքով է վերաբերում: «Բայց մշակութային շոկ ապրեցի, երբ իմացա, որ նա քվեարկել էր ուրիշի փոխարեն, որ սեփական աչքով էլ տեսնեի, դժվար հավատայի, բայց որ ինքն է ասում, որ նման բան եղել է, հավատում եմ: Նա հռչակավոր մանկաբույժ է, ես կարծում եմ, որ նրա՝ ԱԺ նախագահ ընտրվելու պարագայում մանկաբուժությունը մեծ վնաս կկրի: Իսկ Էդմոն Մարուքյանի ընտրվելու դեպքում որևէ կորուստ մանկաբուժությունը չի ունենա, իսկ իրավաբանությունը մեծ օգուտ կունենա»,-նկատեց նա:
Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ եթե ուզում ենք Ադրբեջանի ու մեր տարբերությունը ցույց տալ ամբողջ աշխարհին, ապա սա լավագույն շանսն է, եթե խորհրդարանական մեծամասնությունը կողմ քվեարկի ընդդիմադիր թեկնածուի օգտին:
Ապա ՀՀԿ-ից ելույթով հանդես եկավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով նշեց, որ Արա Բաբլոյանը պետական ու քաղաքական մարդ է, ընդունված է հանրության կողմից: «Ինքն արժանի է ԱԺ խոսնակը, ԱԺ նախագահը լինելու: Հորդորում եմ բոլորին իրենց ձայնը տալ Արա Բաբլոյանին»: