Պետք է գնան եկեղեցի, երդվեն. Բաղդասարյանը՝ «Ելք»-ից
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ «Ելք» դաշինքի պատգամավորները պատգամավորական երդման ժամանակ ԱԺ դահլիճից բացակայելը կարող են կոմպենսացնել եկեղեցի գնալով: «Պետք է գնան եկեղեցի, երդվեն», -խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ըստ նրա՝ նորընտիր խորհրդարանի գործունեությունն ավելի արդյունավետ է լինելու, քանի որ նաև աշխատաժամերն են ավելանում: Դիտարկմանը, թե արդյոք այդ պատասխանատու աշխատանքը կպարտադրի նիստերից բացակայող պատգամավորներին ակտիվ լինել և ներկա լինել խորհրդարանական նիստերին, Բաղդասարյանն ասաց. «Ակտիվ աշխատել ասելը հարաբերական է: Ակտիվ աշխատել չի նշանակում միայն կենտրոնական ամբիոնից լիագումար նիստերին դահլիճում ակտիվ լինել: Ես ավելի շատ գնահատում եմ հանձնաժողովի աշխատանքները, որովհետև օրենքներն եփվում են հանձնաժողովներում և խմբակցություններում:
Լիագումար նիստերում պարզապես գալիս է քննարկման փուլ հանրությանը մատուցելու համար: Կան պատգամավորներ, որոնք միշտ իրենց աշխատանքը տարել են, և, այո, կան պատգամավորներ էլ, որոնք բացարձակապես նման օրեսնդրական աշխատանքով չեն զբաղվել», – ասաց նա`հավելելով, որ ուսումնասիրել է բոլոր պատգամավորներին և նրանց մոտ նկատել աշխատելու մեծ ցանկություն: