Ազատամարտիկները դիմում են Եպիսոկոպոսաց ժողովին
Հավատավոր հայ ժողովրդի հարգելի բարձրաստիճան հոգևոր հովիվներ`
Քրիստոնեության պատմական արևածագից մինչև օրս մեր ազգը եղել է Հիսուս Քրիստոսի լույսի աննահանջ ու անդավաճան հետևորդը: Պատմության քառուղիներում մենք ունեցել ենք փայլուն հաղթանակներ ու ազգային ողբերգություններ, փառավոր վերելքներ ու վշտալի անկումներ: Մեր ժողովրդին բաժին ընկած ծանրագույն փորձությունների պահին աշխարհի հարափոփոխ ու անբարո տերերին թվացել է, որ ուր որ է կանգ կառնի հայոց ընթացքը և հնամենի հազարամյա իր նվաճումների գանձերը կրող մեր ժողովուրդը ցած կսահի պատմության բեմից ու կկորչի մոռացության անդունդում: Ամեն անգամ սակայն, հայ ժողովուրդը ոտքի է կանգնել խաչի լույսով վեր բարձրացված և աշխարհին ապացուցել, որ մահվանից հետո կա հարություն:
Մեր պատմության նորագույն փուլը ևս առլեցուն էր վտանգներով ու սպառնալիքներով, ախոյաններով, որոնց համարում էին մեր համար անհաղթահարելի: Սակայն մենք` ազատամարտիկներս, ռազմի դաշտերում տեսանք ու համոզվեցինք, թե ինչ անպարտելի ուժ է ներկայացնում հավատը դեպի պարզ մարդը տանող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորների և հավատով առլեցուն, հանուն հայրենիքի ու արդարության կռվող ռազմիկների միասնությունը:
Կամոքն Աստծո և Հիսուսի առաջնորդությամբ մենք հաղթեցինք, սակայն մեր խորին համոզմամբ, այսօր մեր ժողովուրդը գտնվում է ավելի վտանգավոր ու ազգակուլ զարգացումների դաշտում: Մեր հայրենիք են թափանցել ու շարունակում են մուտք գործել տարբեր կերպերի մեջ մտած, այլասերում և հոգևոր խռովք սփռող կառույցներ ու կազմակերպություններ: Հայրենիքի անկախության համար կռված ազատամարտիկը չի կարող չլինել արթմնության մեջ:
Մենք գնահատում ենք ներկա վիճակը ավելի դժվարին ու բարդ, քան մահաբեր պատերազմի դաշտը` իր ճակատային գծից այն կողմ կանգնած թշնամիներով: Այսօր վտանգված է մեր ազգի ինքնությունը, փոշիացվում է նրա առաքելական հոգին:
Դիմելով աշխարհասփյուռ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ընդհանուր ժողովին` նշենք, որ լիացած ենք ու ոգևորված Վեհափառ Հայրապետի խոսքում հնչած նույն մտահոգությամբ, որը մեզ է պատել: Մեր սատարումն ենք հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր հայրերի` վերը բերված իրավիճակի հաղթահարմանը միտված բոլոր նախաձեռնություններին: Մեծարգո հայրեր, ձեր նվիրելականությունը ապացույցն է, որ արատները շրջաբերող, բարին ու չարը միախառնած արդի աշխարհի միջով Լուսավորչի անմար կանթեղը կառաջնորդի մեր ազգը դեպի լուսավոր եզերք:
Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհուրդ 26. Սեպտեմբերի2013թ. ք. Երևան