04 Հուլիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Առողջապահության նախարարի ելույթը

“Հայաստանի Հանրապետության մեծահարգո  Նախագահ,

հարգելի պարոն մարզպետ, քաջարանցիներ, հյուրեր, տիկնայք և պարոնայք, 

այսօր մենք Սյունյաց աշխարհում ենք՝ կիսելու քաջարանցիների ուրախությունը։ Նախկին պոլիկլինիկայի մասնաշենքում իր դռներն է բացում Քաջարանի վերակառուցված և ամբողջովին վերազինված բժշկական կենտրոնը։ Այն արդիականացվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և անձամբ Մաքսիմ Հակոբյանի հովանու ներքո: Այդ նպատակով ներդրվել է ավելի քան 1 մլրդ 200 մլն դրամ։

Այսուհետ տարածաշրջանի բնակիչները հնարավորություն կունենան անհրաժեշտ բժշկական ծառայությունները ստանալ իրենց բնակավայրերին մոտ: Արդիականացված բժշկական կենտրոնում կմատուցվեն լայն սպեկտորի ախտորոշիչ և բուժական ծառայություններ: Անհրաժեշտ եմ համարում նշել, որ կենտրոնը հագեցվել է բժշկական մի շարք սարքավորումներով, որոնք առաջինն են Սյունիքի մարզում:  Մասնավորապես` ի թիվս այլ սարքավորումների կենտրոնը հագեցվել է Siemens ֆիրմայի ամենավերջին սերնդի թվային ռենտգեն և Philips  ֆիրմայի ուլտրաձայնային հետազոտության գերժամանակակից  սարքերով։ Վերջինս զարգացած երկրներում լայնորեն և մեծ արդյունավետությամբ կիրառվում է հատկապես հղիության  վերահսկման ընթացքում: Իսկ տեսաէնդոսկոպը և իմունաֆերմենտային վերլուծիչը որակապես կբարելավեն հիվանդությունների վաղ ախտորոշման գործընթացը: Տրամադրվել է նաև լապարասկոպիկ վիրաբուժական հավաքածու, ինչը  կնվազեցնի հետվիրահատական բարդությունների հաճախականությունը և հիվանդանոցում գտնվելու  ժամանակը:

Մեծարգո Նախագահ,

Դուք առողջապահական համակարգի առջև կարևորագույն ռազմավարական խնդիրներ եք դրել։ Դրանցից մեկն  էլ մարզերում ոլորտի համաչափ զարգացումն է։ Ակնհայտ է, որ «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում լայն թափով շարունակվում է մարզային հիվանդանոցների օպտիմալացումն ու արդիականացումը։ Այսօր մենք արդեն գրեթե բոլոր մարզերում և մարզային մի շարք քաղաքներում հիմնանորոգված և արդիական սարքավորումներով հագեցված  հիվանդանոցներ ունենք։ Ներկայումս տարբեր մարզերում նմանատիպ 7 հիվանդանոց է կառուցվում, իսկ Երևանում` երկու նեղ մասնագիտական երրորդ մակարդակի կլինիկա։ 

Հարգելի սյունեցիներ, 

ինչպես գիտեք, 2011թ.-ից գործում է Գորիսի վերակառուցված, ժամանակակից սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոնը, մեկ ամիս առաջ սկսվել է Մեղրու տարածաշրջանային բժշկական նոր կենտրոնի կառուցումը, լայն թափով ընթանում են նաև Կապանի բժշկական կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները, որոնց ավարտից հետո 2015 թվականին մարզի վեց քաղաքներից հինգում  կգործեն արդի, միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող բժշկական կենտրոններ։ Ավելացնեմ, որ  Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերով վերջին տարիներին վերանորոգվել կամ կառուցվել են Սյունիքի մարզի բոլոր 19 գյուղական ամբուլատորիաներն ու ընտանեկան բժշկի գրասենյակները։ Այսինքն` մարզի առաջնային օղակի բոլոր բուժհաստատությունները համապատասխանում են ժամանակակից պահանջներին, հագեցվել են բժշկական անհրաժեշտ սարքավորումներով, բժշկական պարագաներով և կահույքով, ինչպես նաև այդ օղակում աշխատող բոլոր բժիշկներն ու բուժքույրերը ստացել են համապատասխան կրթություն: 

Ես վստահ եմ, որ ստեղծված պայմանները կխթանեն, որպեսզի մեր բուժաշխատողներն իրենց պարտականությունները կատարեն ավելի մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ։ Իսկ առողջապահության նախարարությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում կպահի բժշկական այս կենտրոնը՝ կաջակցի թե՛ մասնագիտական կաբինետների արդյունավետ կառավարման, թե՛ մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և թե՛ նեղ մասնագետներով ապահովման ուղղությամբ։

Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և որպես առողջապահության նախարար մեծապես հպարտ եմ, որ մեր երկիրն ապահովվում է նման բուժհաստատություններով։ Եւ ուզում եմ բոլորիս անունից երախտիքի խոսք հղել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությանն ու անձամբ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին՝ բարեսիրական այս քայլի համար։

Հարգելի բարեկամներ,

Ինչպես գիտեք, ընդամենը երկու օր առաջ Ստեփանակերտում մեծ հանդիսությամբ իր դռները բացեց շքեղ, բազմապրոֆիլ բժշկական մի կենտրոն` ախտորոշիչ և բուժման լայն հնարավորություններով` հագեցած ամենավերջին սերնդի սարքավորումներով։ Ռուսաստանաբնակ բարերար Սամվել Կարապետյանի մեծ ներդրումների շնորհիվ Արցախցիներն ապահովվեցին այնպիսի մի բուժհաստատությունով, որ իր  բոլոր հնարավորություններով կարող է մրցել ամենազարգացած երկրների կլինիկաների հետ։

Այս իրողությունները վկայում են, որ մեզանում արմատավորվում է մի նոր ավանդույթ, երբ հայաստանաբնակ և սփյուռքի  գործարարներն իրենց բարեգործություններով ու մեծ նվիրաբերություններով շոշափելիորեն նպաստում են հայրենիքի հզորացմանը, զարգացմանն ու շենացմանը։

Թանկագին սյունեցիներ,

Թույլ տվեք բոլորիս շնորհավորել Քաջարան քաղաքի 55-ամյա հոբելյանի և այս հիասքանչ բժշկական կենտրոնի բացման  կապակցությամբ, ինչպես նաև խորին շնորհակալություն հայտնել երկրի Նախագահին առողջապահական ծրագրերին մշտական աջակցություն ցուցաբերելու համար”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ