16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Շնորհակալ կլինի Սերժ Սարգսյանին

Ըստ որոշ տեղեկությունների` Սերժ Սարգսյանը ցանկանում է միավորել բոլոր քննչական ծառայությունները մեկ միասնական համակարգում: Ընդ որում` այդ բավական մեծ ու լուրջ կշիռ ունեցող ինստիտուտը գլխավորելու է Աղվան Հովսեփյանը:

Այսպես կոչված՝ “խոշորացված ՔԾ-ն” դառնալու է համակարգի լուրջ հարցեր լուծող լավ ռեսուրս նախագահի ձեռքին, որը, միգուցե, կծառայի ուժային կառույցների հակակշիռ, միաժամանակ դառնալով նաև դրանց միջև հարաբերությունների ռեգուլյատիվ սուբյեկտ, եթե այդպիսի անհրաժեշտություն ինչ-որ պահի հասունանա:

Հիշեցնենք, նախագահը ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանին ազատեց ոլորտն անկախ չպահելու պատճառով, ուստի դա նշանակում էր, որ նա ինչ-որ առումով հենվում է այդ կառույցի վրա: Այս ֆոնին պարզ է դառնում, թե ինչու Սերժ Սարգսյանը ցանկանում է միավորել քննչական ծառայությունները, սկ դրա ղեկավար նշանակելով Աղվան Հովսեփյանին, նա, փաստորեն կարող է ակնկալել իր պատկերացրած անկախությունը, որովհետև նախկին գլխավոր դատախազն այն մարդն է, ով ունի դրա համար բավարար կշիռ և ռեսուրսներ:

Սա նշանակում է, որ Հովսեփյանը դառնալու է համակարգում մեծ  հնարավորություններ ունեցող պաշտոնյա, ով այդ կարգավիճակի համար շնորհակալ կլինի նախագահին՝ մշտապես կանգնելով նրա կողքին: Հավանաբար, համակարգում կան խնդիրներ, որոնք լուծելու համար Սերժ Սարգսյանն ընտրել է իշխանության հնարավորինս հորիզոնական և բազմաշերտ տարանջատումը, որի շնորհիվ հնարավոր կլինի մանևրելու լայն դաշտ ունենալ:

Ներհամակարգային կատակլիզմների դեպքում այսպիսի բաժանումը կնպաստի գտնելու կայունացման բանալին: Փաստացի իրական իշխանության աղբյուրների բազմապատկումը կարող է զսպել իշխանական այլ կենտրոնների ախորժակը, և նախագահը, ժամանակ առ ժամանակ հենվելով այս կամ այն ուժի վրա, կարող է և զսպել նրանց, և ամրապնդել սեփական դիրքերը՝ հընթացս խորացնելով դրանց կախվածությունն իրենից:

Ինչու՞ է որոշվել հիմա ստեղծել նման կառույց և հատկապես ում կամ ինչու պետք է այն զսպի կամ հակակշռի, ցույց կտա ժամանակը:

Հ. Գ. Հոդվածն արդեն թողարկված էր, երբ ստացվեց ՀՀ նախագահի կարգադրության մասին հաղորդագրությունը Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին

 

Արման Սահակյան

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ