Քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանը չի ընդունում մեղադրանքը /վիդեո/
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ սկսվեց քաղաքագետ, գործարար Արկադի Վարդանյանի գործով դատավարությունը: Նա ձերբակալվել է մայիսի 18-ին, ընկերոջ Արսեն Ավետյանի հետ միասին:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-104 հոդվածով մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն: Բացի այս երկուսից ամբաստանյալի աթոռին է նաեւ Վարուժան Սաֆտալյանը:
Ըստ մեղադրանքի, Արսեն Ավետյանին եւ Արկադի Արշավիրի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծրագրել են ապօրինաբար կյանքից զրկել Ռոբերտ Ավետյանին:
Վարուժան Սաֆտալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,նա իրացնելու նպատակով զգալի չափով հոգեմետ նյութ է ձեռք բերել եւ տրամադրել Արսեն Ավետյանին, բացի այդ` հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր հանցագործության մասին չի հայտնել:Արկադի Վարդանյանը միջնորդեց դատարանին՝ ներկայացնելու իրեն եւ Արսենի հեռախոսազրույցի գաղտնալսումը: Ըստ մեղադրյալի, գործում դա կիսատ է: “Չեմ բացառում, որ տեխնիկական խնդիրներ կան, բայց անհրաժեշտ է”,-ասաց նա:
Դատավորը հետաձգեց միջնորդության քննարկումը: Այն կքննվի ապացույցների փուլում:
Առաջադրված մեղադրանքը երկու ամբաստանյալները չընդունեցին: Վարդանյանի պաշտպան Գայանե Գալոյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ եթե տուժող Ավետյանը կենդանի էլ չմնար, ապա չէր կարող բնակարանը վաճառվել, քանի որ կա եւս մեկ համասեփականատեր Ժաննա Ավետյանը:
Միայն Սաֆտալյանը ընդունեց մեղադրանքը ասելով, որ չի գիտակցել ինչ է արել:
Դատախազ Արամ Ամիրզադյանը դատարանում հրապարակեց մեղադրանքը: Ըստ այդմ՝ տուժող Ռոբերտ Ավետյանը հանել է իր որդուն տան հաշվառումից, որն էլ պատճառ է հանդիսացել, որ ամբաստանյալ Արսեն Ավետյանը միջոցներ ձեռնարկի հորը կյանքից զրկելու եւ նրա սեփականությանը տիրանալու համար: Հարցով խորհրդակցել է իր մտերիմ ընկերոջ՝ Արկադի Վարդանյանի հետ: Միասին քննարկել են սպանության տարբեր միջոցներ՝ կամրջից ցած նետելու, գետում խեղդելու եւ այլն:
Ի վերջո, ամբաստանյալները որոշել են Ռոբերտ Ավետյանին կյանքից զրկել տալով նրանց բարձր չափաբաժնով հոգեմետ դեղեր, մասնավորապես “Ազալեպտին”: Այս հարցում նրանց օգնության է հասել Վարուժան Սաֆտալյանը, ով Արսեն Ավետյանին 500 հազար դրամի չափով պարտք է եղել եւ որոշել է օգնել:
Ավանի հոգեբուժարանում բուժվող հիվանդներից մեկի միջոցով էլ ձեռք են բերել հաբերը: Ըստ մեղադրանքի, սպանությունը ավարտին չի հասցվել, քանի որ ԱԱԾ աշխատակիցները ժամանակին կասեցրել են:
Դատաքննությունը սկսվեց վկաների ցուցմունքով: Դատարան վկայակոչված 5 վկայից ներկայացրել էին երեքը:
Անահիտ Այվազյանը եւ Նարինե Ստեփանյանը նշեցին, որ ձեռք բերված դեղը՝ “Ազալեպտինը” վերահսկվում է եւ վաճառվում միայն բժշկի դեղատոմսով: Ըստ մասնագետների, մարդը ով երբեւէ չի օգտագործել դեղը, բարձր դոզավորման դեպքում կարող է ծանր հետեւանքներ ունենալ: Վկա կանայք չէին ճանաչում ոչ տուժողին, ոչ ամբաստանյալներին:
Աբաստանյալ Արկադի Վարդանյանին ճանաչեց երրորդ վկան՝ բժիշկ Սուրեն Ներսիսյանը: Նա բուժել է Վարդանյանին, եւ “Ազալեպտին”-ի մասին հետաքրքրվել է հենց Արկադի Վարդանյանը եւ հարցրել թույլատրելի չափաբաժնի մասին:
Քանի որ այլ վկաներ չկային, դատավորը նիստը հետաձգեց մինչեւ հոկտեմբերի 8-ը:
Մանրամասները տեսանյութում: