11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի դիվանագիտական դպրոցի ունկնդիրների ուսումնական այցը միջազգային կառույցներ եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ

Սեպտեմբերի 14-20-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների եւ աշխատակիցների այցը Բրյուսել եւ Վիեննա: Եվրոպական Միության, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ), ՆԱՏՕ-ի կենտրոնակայաններ եւ ՄԱԿ-ի գրասենյակ, ինչպես նաեւ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ ուսումնական այցը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների առաջին նման այցելությունն էր:

Սեպտեմբերի 16-ից 18-ը ԴԴ ունկնդիրներն այցելեցին ԵՄ հիմնական կառույցներՙ Հանձնաժողով, Խորհուրդ, Արտաքին գործունեության ծառայություն եւ Եվրոպական խորհրդարան: ԵՄ կառույցներում ունկնդիրների համար կազմակերպված դասախոսությունները եւ դրանց հաջորդած հարց ու պատասխաններն ավելի ամրապնդեցին ունկնդիրների` դպրոցում ստացած գիտելիքները: Եվրոպական խորհրդարանում Դպրոցի ունկնդիրները ներկա գտնվեցին նաեւ Արեւելյան գործընկերության մասին լսումների, իսկ երեկոյանՙ «Հրանտ Դինք» հիմնադրամի կազմակերպած հայ եւ թուրք լուսանկարիչների ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված էր հայ-թուրքական փակ սահմանի խնդրին:

Բրյուսելում ԴԴ ունկնդիրներն այցելեցին նաեւ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, որտեղ լսեցին դասախոսություններ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների ու ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության մասին: Այնուհետեւ ունկնդիրները հանդիպեցին ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Եդիգարյանի հետ:

Բելգիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ ունկնդիրները ճանաչողական այց կատարեցին Անտվերպեն:

Վիեննայում ԴԴ ունկնդիրներն այցելեցին ԵԱՀԿ, որտեղ կառույցի գործունեության վերաբերյալ դասախոսությունից բացի, ներկա գտնվեցին Մշտական խորհրդի նիստին, որի ժամանակ ելույթ ունեցավ նաեւ ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը: ԴԴ ունկնդիրներն այցելեցին նաեւ Միավորված ազգերի կազմակերպություն եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն եւ հանդիպումներ ունեցան կառույցների համապատասխան պատասխանատուների հետ, ինչպես նաեւ կատարեցին շրջայց ՄԱԿ-ի շենքում:

Այցի ընթացքում ապագա դիվանագետներն այցելեցին նաեւ Բրյուսելում ու Վիեննայում ՀՀ դեսպանություններ, որտեղ նրանց ընդունեցին ներկայացուցչությունների ղեկավարներ, դեսպաններ Ավետ Ադոնցը եւ Արման Կիրակոսյանը: Վիեննայում ԴԴ ունկնդիրներն այցելեցին նաեւ Մխիթարյան միաբանություն եւ ծանոթացան հայկական մշակույթի նշանակալից օջախներից մեկի գործունեությանն ու մշակութային հսկայական ժառանգությանը:        

ՀՀ դիվանագիտական դպրոցի այցը ԵՄ եւ միջազգային կառույցներ ֆինանսավորել էր Եվրոպական Միությունըՙ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցին ցուցաբերվող շարունակական օժանդակության ծրագրի շրջանակներում:                                                                    

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ