«Ո՞ւմ տունն են քանդում»
«Տպավորություն է ստեղծվում, որ տնտեսական եւ ֆինանսական նպատակահարմարությունը դարձել է այս կառավարության միակ գերակայությունը», – այսօր լրագրողնբերի հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով դպրոցների օպտիմալացման հարցին՝ նշեց լեզվաբան Նարինե Դիլբարյանը։
«Սակայն ֆինանսական նպատակահարմարությունը եւ տնտեսական հաշվարկները պետություն կառուցելիս, երբեմն վատ խորհրդատու են։ Եթե մենք առաջնորդվենք այդ սկզբունքներով, ապա ինքնուրույն պետություն պահելը կարող է ոչ նպատակահարմար լինել, ավելի նպաստավոր կլինի, եթե գաղութի կարգավիճակում լինենք, քանի որ մետրոպոլիան կհոգա բոլոր կարիքները, ինչպես դա խորհրդային տարիներին էր։ Բայց այդ ճանապարհը տանում է փակուղի։ Եթե անգամ ֆինանսական առումով դա ճիշտ քայլ է, ապա կրթության, մշակույթի առումով դա փակուղի է, քանի որ դպրոց փակելը նշանակում է փակել տվյալ գյուղը», – նշեց բանախոսը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Գրական» թերթի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկանը ընդգծեց՝ դպրոցները փակել, կնշանակի փակել նաեւ գյուղը։ «Նրանք, ովքեր կառավարությունում հաշվարկել եւ որոշել են օպտիմալացնել դպրոցները, ապա ֆինանսական շահը թող դնեն մի կողմ եւ իրենց հայի տեսակին հարց տան, թե ո՞ւմ տունն են քանդում։ Երկիրը մայրաքաղաքը չէ, երկիրը նաեւ մարզն է, գյուղը, սահմանամերձ գոտին, որտեղ արդեն հոգեւոր, արդյունաբերական, մտավոր կյանք գոյություն չունի։ Կառավարությունում չեն հաշվարկել, որ սահմանը պահողը ոչ միայն զինվորն է, այլ նաեւ գյուղը։ Զինվորը, որ կանգնած է սահմանին, կանգնած է, քանի որ իր թիկունքում գյուղ կա, մարդիկ կան, դպրոց կա, երեխաներ կան», – նշեց բանախոսը։