Մենք բավարարվա՞ծ ենք, թե ինչպես են օգտագործվել մեր գումարները, այո՛. ԵՄ դեսպան
«Եվրամիությունն ընտրությունների վերաբերյալ իր հստակ դիրքրոշումը լսելի է դարձրել, մի շարք պաշտոնյաներ տվել են իրենց կարծիքը: Մենք բավարարվա՞ծ ենք, թե ինչպես են օգտագործվել մեր գումարները, այո, տեսախցիկները և նույնականացման սարքերը շատ լավ աշխատել են, մեր ակնկալիքներից ավելի լավ, որոնց համար էլ մենք գումարներ տրամադրել էինք»,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ գնահատական տալով կայացած ընտրություններին, մասնավորապես պատասխանելով հարցին, թե արդյոք գոհ են, թե ինչպես են օգտագործվել իրենց գումարները:
Դեսպանը նշեց, որ ժամանակը կարճ է եղել այդ տեխնիկական սարքերը կիրառելու համար, սակայն չնայած դրան, տեխնոլոգիան ավելի լավ է աշխատել, քան այլ երկրներում: «Բնականաբար, եղել են որոշակի խնդիրներ, տրյուկներ, որոնք կապված են եղել ուղիղ հեռարձակման ընդհատման հետ, մատնահետքը ընթերցող սարքերի հետ, բայց մենք հիմա վերլուծում ենք բոլոր ստացված զեկույցները և գիտենք, որ դրանք իրենց արդարացրել են, մենք չափազանց բավարարված ենք, որ մեր գումարը լավ ծախսվել է»,-նկատեց Պ Սվիտալսկին:
Վերջինս շեշտեց, թե այլ հարց է, թե ինչպիսին է քաղաքական համակարգը Հայաստանում, որքանով են լուրջ վերաբերում քաղաքական ուժերին ընտրողները: «Հիմա հայերը գիտեն, որ այս տեխնոլոգիայով կարող են բավարար երաշխիքներ ունենալ, որ իրենց ձայնը չի գողացվում, եթե իրենք գնան, ընտրեն կուսկացություն կամ անձ, իրենց ձայնը տեղ կհասնի, բայց կա նաև լուրջ անվստահություն, ես դա զգացել եմ հասարակ քաղաքցիների հետ զրույցներում մինչև ընտրությունները:
Կան ընտրական գործընթացի որոշ խնդիրներ, որոնք պիտի լուծվեն առաջիկայում: Մենք պատրաստ ենք աշխատել կառավարության հետ այն խնդիրների ուղղությամբ, որոնք որ բացահայտվեցին անցնող ընտրությունների ժամանակ: Նույն ղեկավարությունն էլ է ընդունում, որ կային դեպքեր, որ պիտի տեղի չունենային, մենք էլ պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը»,-ասաց նա:
Դեսպանն ընդգծեց, որ հայերը պիտի հասկանան, թե որն է քաղաքական կուսակցությունների, ծրագրերի դերն ընտրություններում, քանի որ ընտրությունները ցույց տվեցին, թե ինչպիսի դեր ունի ծրագիրը, ինչ թերություններ կան քաղաքական համակարգում, նաև քարոզարշավի դերն ինչպիսին է: