“Նամուս-թասիբ”
Երեկ ազատամարտիկների հերթական համահավաքի ժամանակ ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի կողմից մեղադրանք է հնչել “Օրինաց երկիր” կուսակցության հասցեին. “ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանը պնդում է, թե ազատամարտիկները երկու խմբի են բաժանվել: Այդ ձեր կուսակցությունն է պառակտվել, բաժանվել երկու մասի՝ մի մասը լեսբուհիներին է պաշտպանում, մյուս մասը՝ հոմոսեքսուալներին”,-ասել է Սուրեն Սարգսյանը:
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը սակայն Henaran.am-ի հետ զրույցում հերքեց իրեն վերագրվող արտահայտությունները.”Մի քանի անգամ արտահայտվել եմ լրագրողների հետ հանդիպումների ժամանակ, որ փառքի ու պատվի արժանի մեր ազատամարտիկների համար բազմաթիվ օրենքների նախագծեր , ծրագրեր և բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ եմ ներկայացրել սոցիալական ոլորտում”,-նկատեց նա:
“Մեր շարքերում էլ կան բազմաթիվ ազատամարտիկներ և սկսած 2010 թվականից մեզ եղավ առաջարկներ կապված հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ, որպիսի իրենց սահմանվի արտահերթություն ավանդների փոխհատուցման գործընթացում, ամեն բան արեցինք որ նույնը կիրառվի Արցախի պատերազմի մասնակիցների համար”,-բացատրեց պատգամավորը:
Ինչ վերաբերվում է կուսակցության հասցեին հնչած վիրավորանքին, Հովհաննես Մարգարյանը մեկ պատասխան ունի.”Եթե որևէ մեկը փոձում է իր էժանագին պահվածքով վիրավորել մեր քաղաքական ուժին կամ կուսակցությանը , որտեղ կան բոլոր խավերից ներկայացուցիչներ, ով ուզում է լինել այդ ասողը մեկը ասի՝ տասը կստանա: Ես անընդունելի եմ համարում այդ խոսքերը”:
Հովհաննես Մարգարյանը չի կարողանում հավատալ, որ իրենց հասցեին առանց լուրջ դրդապատճառի նման խոսքեր են ասվել: Նա պատրաստվում է հանդիպել ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին և անձամբ պարզել պատճառները:
“Թյուրըմբռնում կա, բայց եթե մեկը փորձի մեր մեջ փնտրել անբարոյականության էլեմենտներ՝ ամենամեծ անբարոյականը ինքը կլինի, մենք նամուսի ու թասիբի տեր, պատվի ու արժանապատվության տեր մարդիկ ենք”,-հավելեց Հովհաննես Մարգարյանը:
Հովհաննես Մարգարյանը նշեց նաև, որ ինքը խոնարհվում է բոլոր զոհված ազատամարտիկների շիրիմի առաջ և շարունակելու է սկսած գործը: