Ինչո՞ւ առաջին դասարանցիներն ապահովված չեն մաթեմատիկայի գիրք-տետրերով
Այսօր ավագանու “Բարեւ Երեւան” խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը առաջին դասարանցիների՝ մաթեմատիկայի գիրք-տետրերով ապահովված չլինելու խնդրով ծնողների ահազանգի հիման վրա նամակ-հարցում է ուղարկել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Նամակում ասված է.
“Ծնողներն ահազանգում են այն մասին, որ առաջին դասարանում սովորող իրենց երեխաների դասարանում ոչ բոլորն են ապահովվել մաթեմատիկայի նոր գիրք-տետրերով, այլ երեխաներին տրվել են անցյալ տարվա արդեն օգտագործված գիրք-տետրերը, որոնց վրա գրված է՝ վերադարձման ենթական չէ: Ծնողներին խորհուրդ է տրվել կամ օգտագործված գրքերում գրվածները ջնջել, կամ գրախանութներից 1500 դրամով գնել նորն այն դեպքում, երբ պետությունը տարրական դպրոցի դասագրքերը տրամադրում է անվճար: Ի դեպ “Facebook” սոցիալական ցանցով այս մասին գրել են նաև Ձեզ:
Պարզվեց, որ այս անթույլատրելի երևույթը համատարած է: Ո՞վ է համարձակվել խեղաթյուրել պետության այս պարտականությունը և ծնողին առաջարկել դասագիրքը գրախանութից գնել այն դեպքում, երբ հրատարակիչներն ու տպարանները իրավունք չունեն տարվա այս ժամանակահատվածում վաճառքի հանել դասագրքերը: Նրանք դասագրքերն իրավունք ունեն վաճառելու միայն հոկտեմբերին, երբ դպրոցներում դրանց բաշխումն արդեն համարվում է ավարտված և վաճառքի հանված դասագրքերի շապիկը պետք է տարբեր լինի դպրոցին տրամադրվածից:
Խնդրում եմ պարզաբանել, թե.
- պետբյուջեից հատկացվե՞լ է արդյոք տարրական դասարանների դասագրքերի տպագրման համար նախատեսված գումարը և որքա՞ն,
- տպագրված դասագրքերի քանակը համապատասխանո՞մ է արդյոք դպրոցներից ստացված պատվերների քանակին,
- մասնավորապես, առաջին դասարանի մաթեմատիկայի քանի՞ դասագիրք է տպագրվել և ինչո՞ւ դպրոցներում առաջին դասարանցիներն ապահովված չեն հատկապես մաթեմատիկայի դասագրքերով,
- ընդհանրապես դպրոցներում աշակերտներն ապահովվա՞ծ են դասագրքերով:
Շնորհակալություն համագործակցության համար”: