Հաղթողների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 5-ին
“Ուսուցչի օրվան” ընդառաջ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել “Տարվա լավագույն ուսուցիչ”, “Տարվա լավագույն տնօրեն” եւ “Տարվա լավագույն դաստիարակ” ամենամյա մրցույթների հանրապետական ամփոփիչ փուլը:
Մրցույթն անցկացրել են ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական երեք հանձնաժողովները: Մրցույթի եզրափակիչ փուլին այս տարի մասնակցել են 40 մանկավարժներ` ՀՀ բոլոր մարզերից և մայրաքաղաք Երևանից: Հանրապետական փուլի մասնակիցների ընտրությունը կատարվել է մարզային փուլի արդյունքներով: Յուրաքանչյուր մարզից և Երևանից ընտրվել են լավագույն տնօրենը,ուսուցիչն ու դաստիարակը: Ավագ դպրոցների համար նույն մրցույթի առաջին փուլը կազմակերպվել է ԿԳՆ-ի կողմից:
Ըստ ավանդույթի` հաղթողների անունները կհրապարակվեն “Ուսուցչի օրը”` հոկտեմբերի 5-ին նախատեսվող տոնական միջոցառման ժամանակ: “Տարվա լավագույն ուսուցչի” եւ “Տարվա լավագույն դաստիարակի” գլխավոր մրցանակը կհանձնի ՀՀ վարչապետը, իսկ տնօրենը կպարգևատրվի ՀՀ ԿԳ նախարարի կողմից:
Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցների համար նախատեսված են պարգևներ և խրախուսանքներ:
“Տարվա լավագույն ուսուցիչ” մրցույթն այս տարի կազմակերպվում է 13-րդ անգամ: Սահմանվել են հետևյալ անվանակարգերը`
•”Նվիրում երեխաներին”,
•”Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ”,
•”Ազգային ավանդույթները պահպանելու և փոխանցելու համար”:
“Տարվա լավագույն տնօրեն” մրցույթում սահմանվել են հետևյալ անվանակարգերը`
•”Ուսումնադաստիարակչական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար”,
•”Հայրենասիրական և գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար”,
•”Ուսուցման նորագույն մեթոդների ներդրման լավագույն փորձի համար”,
“Տարվա լավագույն դաստիարակ” մրցույթում սահմանվել են հետևյալ անվանակարգեր`
•”Սիրտս նվիրում եմ երեխաներին”,
•”Երեխաների կյանքը հետաքրքիր անակնկալներով հարստացնելու համար”,
•”Բնության կրտսեր բարեկամ դաստիարակելու համար”: