Հայավարի. 5000 դոլարով երեխայի առքուվաճառքի գործով դատավճիռը, Իրավունք
Օրերս Աջափնյակ-Դավթաշեն ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց անցյալ տարի հինգ հազար ԱՍՆ դոլարով նորածնին գնած Տափերական գյուղի բնակչուհի Քրիսաինե Կիրակոսյանի (երեխային գնած կինը) եւ Ալլա Կարապետյանի (երեխային 5000 ԱՄՆ դոլարով վաճառած կինը) գործով վճիռը: Երեխան, ի վերջո, մնաց Քրիստինե Կիրակոսյանի մոտ, քանի որ ինչպես վերջինիս փաստաբան Վահան Հովհաննիսյանը նշեց. «Դատարանը երեխայի մասով որեւէ ձեւով չի անդրադարձել վճռում:
Ըստ այդմ, երեխան կշարունակի մնալ պաշտպանյալիս մոտ: Հետագայում մենք քաղաքացիա-իրավական դաշտում երեխայի հետ կապված խնդիրը վերջնականապես կլուծենք օրենքով: Այսինքն դիմելու ենք երեխային օրինական որդեգրելու համար»: Նշենք, որ սույն գործով մեկ տարի տաս ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվեց միայն բուժքույրը
` Գոհարիկ Խաչատրյանը:
Բայց հետաքրքիր վիճակ է ստացվում: Այս քրեական պատմությունը վերաբերում է երեխա առնել-ծախելուն, բայց նույն երեխային դատարանն անգամ չի անդրադառնում: Լավ, բա ինչո՞ւ են բուժքրոջը դատել: Առավել եւս, եթե արդյունքում երեխան մնում է գնողի մոտ, այսինքն փաստացի նրան երեխա հանձնելը հանցանք չի համարվել: Չնայած, եթե նոր միայն գնորդը պետք է դիմի
` «երեխային օրինական որդեգրելու համար», ապա դա նշանակում է, որ երեխան այս պահին նրա մոտ է անօրինական հիմունքներով: Ու անգամ դատարանին այդ հանգամանքը չի հետաքրքրել:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: