Զարուհու կարողությունը
«Չեմ կարծում, որ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ը հաղթել է, այն յուրացրել է մեր քվեն, Երևանի դեպքում մենք գնում ենք գրավելու քաղաքապետարանը և սկսում ենք մեր ազատագրումը Երևանից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն` ի պատասխան հարցին, թե ինչով է վստահ, որ հենց իրենք են հաղթելու, օրինակ
` այն պարագայում, երբ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ը կրկին հաղթեց:
Դիտարկմանը, թե սոցիոլոգները ցածր են գնահատում այս կուսակցության շանսերը, նա արձագանքեց. ««Երկիր Ծիրանիի» շանսերը թող հասարակությունը գնահատի, իսկ կեղծ սոցիոլոգներին ես չեմ հավատում»:
Ըստ «Երկիր Ծիրանիի» քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի` Երևանում, քաղաքապետարանում ևս փոփոխությունները անբեկանելի են լինելու: Որպես կարևորագույն խնդիրներ նա առաձնացրեց կոռուպցիան, տրանսպորտի խնդիրը, սակայն նաև նկատեց, որ այս բոլորը փոխկապակցված են, այդ իսկ պատճառով էլ լուծում պետք է տրվի բոլորին:
«Ես կարող եմ, ես սպասումները պիտի արդարացնեմ, ես ունեմ այդ քաղաքական փորձը»,-շեշտեց նա:
Ինչ վերաբերում է քաղաքական դաշտին, ապա Զ. Փոստանջյանն ասաց, որ երկրում բոլոր ոլորտներում ճգնաժամ է, առաջին հերթին` քաղաքական ճգանաժամ:
Խոսելով արդեն բավական շրջանառված թեմային, թե քաղաքապետի թեկնածուները, հարկ է, որ բանավիճեն` Զ. Փոստանջյանն ընդգծեց, թե ինքը, միանշանակ, կողմ է դրան: «Այդ Տարոն Մարգարյանն է դեմ, երևի անհանգստանում է: Ես, բնականաբար, կողմ եմ բանավեճին, դա բոլոր քաղաքակիրթ երկրներում ընդունված մոտեցում է»: