Ինչու Պուտինը հանձնեց Հայաստանը. Ժամանակ
Թերթի զրուցակիցն է Ռուսաստանի ՛՛Հակակոռուպցիոն՛՛ հանձնաժողովի նախագահի խորհրդական, անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը:
– Պարոն Խաչատրյան, սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը։ Այս անսպասելի հայտարարությունն, ըստ Ձեզ, ինչի՞ հետևանք էր:
– 100 % ճնշում է եղել: Առանց ճնշման չէր կարող նման բան լինել, քանի որ նախագահը լավ հասկանում էր, որ այդ քայլով, որպես քաղաքական դեմք համաշխարհային քաղաքական շուկայում, մեծ հարված է իրեն հասցնում: Ու ցանկացած այդպիսի պաշտոնյա չէր կարող այդ որոշումն ընդունել առանց ճնշման: Ես երկու տարի առաջ էի ասել, որ Պուտինը կհանձնի Հայաստանը, քանի որ իրավիճակն է այդպես գնում: Այսինքն, ես այդ ժամանակ էի տեսնում, որ ամեն ինչ կգնա սրան: Ես վեց տարի առաջ նույն ձևով գրել էի։ Երբ Պուտինը գնում էր Ադրբեջան, ես հասկանում էի, որ հետ է գալու ու կհանձնի: Կհանձնի ու կկատարվի դա, քանի որ Հայաստանը ոչինչ չի ունենալու Ռուսաստանին տալու համար:
Միջազգային այս տնտեսական վիճակով այն ուղղությունը, որով գնում էր Հայաստանը, հենվում էր հիմնականում Ռուսաստանում ապօրինի աշխատողների վրա: Դա չէր տանում ստրատեգիական ճիշտ գործընկեր դառնալու ու զարգանալու ուղղությանը: Իսկ ինչ վերաբերում էր Մաքսային միությանը, ապա այստեղ ներանձնական էր… եկավ և ստորագրեց: Ես նման բան առաջին անգամ եմ տեսնում: Ոչ մի քաղաքակիրթ երկիր նման բան չէր անի:
– Ի՞նչ ճնշման մասին է խոսքը։ Ճնշում է արվել Ղարաբաղի՞ հարցում, թե՞ Սերժ Սարգսյանին իշխանության կորստով են սպառնացել:
– Չգիտեմ, ես կողքը չեմ եղել, որ իմանամ: Իմ կարծիքով՝ եթե կատարվել է ճնշում, ապա շատ փակ ու գաղտնի է, ու դրա մասին տարիներ անց կարող է հայտնել միայն նախագահը… այն էլ կարող է չհավատան, եթե գործընթացը տարվեց այն վատ ուղղությամբ, որով հիմա է գնում: Դա կապված չէ, թե Ռուսաստանը ինչով կօգնի, կամ երկաթգիծ կբացվի, թե չէ, գազի, նավթի գինը կիջացնի կամ խողովակներ կուղարկի։ Այս ամենից անկախ է: Ինձ համար ամենավտանգավոր բանն այն է, որ տարածաշրջանում երկու պետություն են, որոնցից մեկը Ադրբեջանը, ում հետ մենք տարածքային խնդիր ունենք:
Ադրբեջանը, ոնց որ հինգ տարի առաջ, նորից ստանում է բոնուս, դրա հետ մեկտեղ աշխատում է աշխարհի բոլոր երկրների հետ և Ռուսաստանի հետ ունենում է ավելի հզոր հնարավորություններ, իսկ Հայաստանն ունենում է նորից նույն գործընկերը՝ Ռուսաստանը, որը կարող է մի քիչ լավացնել դրությունը: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ երկու-երեք տարի հետո. կողքի պետությունը, որը համարվում է մեր հակառակորդը, նորից տնտեսապես հզորանում է, բոլոր երկրների հետ աշխատում է համարյա հավասար, իսկ Հայաստանը հույսը դնում է Մաքսային միության վրա ու այս ոչ քաղաքական պայմաններում նորից աշխատում է տրանսվերների ու Ռուսաստանի օգնությամբ: Այսինքն, արտագաղթը շատանում է, վիճակը վատանում: Ես ասել էի, որ հնարավոր չէ հույս դնել այստեղ աշխատող հայերի վրա: Գիտեք, Ռուսաստանը մեծ ծախսեր է անում Հայաստանի համար, այս տրանսվերների մեծամասնությունը ոչինչ չեն տալիս, եթե սկսեն նույն ձևով գալ: Լավ կլինի, եթե այդ հայերը ստանան օրինական բազայի աշխատանքի իրավունք: Բայց այս իրավիճակում հնարավո՞ր է պետություն պահել, որը մրցունակ կլինի տարածաշրջանում, եթե արդեն տնտեսական ոլորտում Եվրոպայի հետ չի աշխատելու:
Գիտեք, ինչ-որ կատարվում է հիմա կատարվում է արաբական երկրներում, այդ երկրների հետ աշխատանքը դեռ երկար չի լինի, քանի որ այդ բոլոր երկրները տնտեսապես քանդվեցին, պատերազմական վիճակում են: Դեռ պարզ չէ՝ Սիրիայի պատմությունը ոնց կազդի Իրանի վրա: Այս ամբողջը ահռելի վտանգ ստեղծեց Հայաստանի համար: Հարցը նրանում չէ, թե ում հետ կապ կհաստատի՝ տնտեսական Եվրոպա՞յի, թե՞ մաքսային Ռուսաստանի: Հարցը դրանում չէ: Հարցը այն է, թե դու ինչ դիրքում ես: Ունե՞ս քաղաքական հիմք ու հզորություն և հոգեպես ազատ ժողովուրդ, որը կարող է մրցել, որը կարող է աշխատել քաղաքական, տնտեսական ասպարեզում՝ ուրեմն լավ է, ոչ՝ ուրեմն պարտվում ես:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: