Սկսվեց “բանդայի” դատավարությունը եւ հետաձգվեց. Henaran.am-ի լրագրողին ներս չթողեցին / վիդեո/
Այսօր, ժամը 15.00-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ սկսեց հայտնի “բանդայի” գործի դատավարությունը: Հիշեցնենք, որ Արտուշ Հակոբյանը (“Սուրիկի լավաշի”սեփականատիրոջ որդին), Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը, Արման Դալլաքյանը, Արթուր Մանուկյանն ու Քյարամ Ամոյանը մեղադրվում են մի շարք պաշտոնյաների առանձնատների վրա ավազակային հարձակումներ կատարելու մեջ:
Դատարանի շենքը փակված է արգելապատնեշներով, մեղադրյաների հարազատների մի մասին շենք չեն թողնում մտնել: Henaran.am-ի թղթակցին դատական կարգադրիչները նույնպես դահլիճ ներս չթողեցին` պատճառաբանելով, որ պիտի մի 40 րոպե շուտ գայինք: Նրա ոխսքով դատավորն արգելել է: Փորձեցինք կարգադրիչից մեկ անգամ եւս ճշտել` իրոք Մխիթար Պապոյանն է արգելել երեք րոպե ուշացած լրագրողի մուտքը դահլիճ` վերջինս կարկամեց: “Դե մի քիչ առաջ ասաց, ելումուտը դադարեցրեք”,-ասաց կարգադրիչը:
Դատական նիստը տեւեց 5-7 րոպե, 6 ամբաստանյալներից մեկը` Քյարամ Ամոյանը, դատապարտյալների հիվանդանոցից չէր բերվել դատարան: Ըստ դատավորի, առկա է բժշկի ռուսալեզու տեղեկանքն այն մասին, որ խորհուրդ չի տալիս կալանավորին մասնակցել նիստին: Դատարանը պետք է հարցում անի դատապարտյալների հիվանդանոց` պարզելու համար, թե Ամոյանը ընդհնարապես չի մասնակցելու նիստին, թե միայն այսօր ի վիճակի չէր:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 15-ին: