Ով ում է սատարելու
Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժերը չեն հայտարարել, թե ում են սատարելու: Henaran.am-ի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանն ասաց, որ այս մասին դեռ որոշում չկա, անդրադարձ կլինի Սահմանադրական դատարանում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի` Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը քննելուց հետո:
ԲՀԿ-ից ևս հայտարարությամբ հանդես չեն գալիս: ԲՀԿ-ականները զանգերին էլ չեն պատասխանում: Բայց օրեր առաջ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն ասել է, թե իրենք ժամանակ չունեն դրա մասին մտածելու:
ՀՅԴ-ից Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը երեկ, ի պատասխան մեր հարցին, ասաց, թե ամենայն հավանականությամբ իրենց ունեցած քաղաքական համաձայնության շրջանակներում կսատարեն ՀՀԿ-ի թիմին, այսինքն` գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
«Հայկական վերածնունդ» կուսակցության խոսնակ Էդգար Առաքելյանն էլ նշեց, որ իրենք ոչ մեկին չեն սատարելու:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից էլ հայտնեցին, որ որոշում չկա:
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում են «Երկիր ծիրանի», Հայաստանի հանրապետական կուսակցությունները և «Ելք» կուսակցությունների դաշինքը: