19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Վաղը տեղի կունենա երիտասարդական նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի համատեղ համերգը

Սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցույթների հաղթող, ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մամուլի ասուլիսը։ Այն նվիրված էր երիտասարդական նվագախմբի կողմից անցկացվող Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնին և փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 15-ին երիտասարդական նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի համատեղ համերգին։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը տեղեկացրեց, որ վաղը կայանալիք համերգում Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ կհնչի Ա. Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, իսկ երիտասարդական նվագախումբը կներկայացնի մեծանուն կոմպոզիտորի Հանդիսավոր պոեմը: Դիրիժորը նշեց նաև, որ սա համատեղ առաջին համերգը չէ. 2011 թվականին երիտասարդական նվագախումբը և Սերգեյ Խաչատրյանը հանդես են եկել Բրյուսելում։ Խոսելով Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի մասին՝ Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ այն հեղինակի երաժշտության քարոզման առաքելություն ունի. «Երիտասարդական նվագախումբը բազմաթիվ հրավերներ ունի Եվրոպայից, և բոլոր այդ համերգների ժամանակ բացառապես Ա. Խաչատրյան է հնչելու»: Նա նաև ընդգծեց, որ հայ մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունների լավագույն քարոզը հենց ջութակահար Սերգեյ Խաչատրյանի անձնվեր աշխատանքն է, ով աշխարհի տարբեր բեմերում ներկայացնում է Ա. Խաչատրյանի երաժշտությունը: 

Սերգեյ Խաչատրյանը, խոսելով իր հայաստանյան ելույթների մասին, նշեց, որ սեփական ժողովրդի համար նվագելը յուրահատուկ մի զգացողություն է, որն ուրիշ բեմերում զգալ հնարավոր չէ։ «Երբ Հայաստանում բարձրանում եմ բեմ, գիտեմ, որ իմ ժողովրդի համար եմ նվագում։ Ուրախ եմ, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ առաջին անգամ նվագելու ենք Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններում ազգային, ժողովրդական տարրերն ակնհայտ են, ինչը նրա երաժշտությունը դարձնում է շատ առանձնահատուկ։ Եվ ես փորձում եմ Ջութակի կոնցերտում հայկական ժողովրդական տարրն ավելի ընդգծված ներկայացնել ու այդ մոտիվներն ավելի վառ ցույց տալ»,- նշեց Սերգեյ Խաչատրյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ տարբեր երկրներում ներկայացնում է հայկական երաժշտությունը՝ Կոմիտաս, Խաչատրյան, Բաբաջանյան, ինչը շատ լավ է ընդունվում դրսի հանդիսատեսի կողմից։ Ըստ Սերգեյ Խաչատրյանի՝ պատճառն այն է, որ հայկական ֆոլկլորը խորն է ու յուրահատուկ։

Լրագրողների այն հարցին, թե որն է ճանաչված դառնալու գաղտնիքը, Սերգեյ Խաչատրյանը պատասխանեց՝ շատ պարապել է պետք. «Բացի այն, որ պետք է շատ աշխատես, պետք է նաև շատ սիրել այն գործը, ինչ անում ես»։

Նշենք, որ Սերգեյ Խաչատրյանը նվագում է 1740թ-ի Ջ.Գվարներիի «Իզայի» ջութակը, որը նրան սիրով տրամադրել է ճապոնական երաժշտական Nippon հիմնադրամը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ