Ֆյուլեն սխալվեց. Նալբանդյանն ուղղեց նրան
Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ներկաներին ողջունելով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց.
”Եվրոպացի գործընկների հետ համագործակցաբար և անմիջական աջակցությամբ անցած տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է իրականացրել՝ ուղղված, մասնավորապես, ժողովրդավարական հաստատությունների և օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը, ընտրական գործընթացների և օրենսդրության բարելավելմանը, քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը և այլն։ Մենք շնորհակալ ենք այդ աջակցության համար և ակնկալում ենք ապագայում ևս շարունակել մեր բարեփոխումները:
Հայաստանը հաստատակամ է առաջ տանել ամենատարբեր ուղղություններով Եվրոպական միության հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունը՝ այնքանով, որքանով դա չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշմանը”:
Ապա ելույթ ունեցան մյուս պատվիրակությունների ներկայացուցիչները: Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը հայտարարեց, որ սա ամենահետաքրքիր քննարկումն էր, որին ինքը երբևէ մասնակցել է: Նա կարծում է, որ անհրաժեշտ է ջանքեր համադրել, որ Վիլնյուսյան գագաթաժողովը հաջողությամբ պսակվի:
Վրաստանի Եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով նախարար Ալեքս Պետրիաշվիլին էլ հույս հայտնեց, որ կնախաստորագրեն Ասոցացման համաձայնագիրը:
Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Նատալյա Գերմանը շեշտեց.
”Իմ երկրի համար եվրոպական ինտերգրումը մարմնավորում է ամենաարդյունավետ և համոզիչ մոդելը մեր երկրի վերափոխման, արդիականացման և ի վերջո բարեկեցության մակարադակը, անվտանգությունը բարձրացնելու համար: Մենք ազատ պետություն ենք և չնայած մեր վրա փորձարկվող բոլոր ճնշումներին մենք պատրստվում ենք ստորագրել Ասոցացման համաձայնագիրը”:
Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա փոխարտգործնախարար Անդրեյ Օլեֆիրովը ևս հայտարարեց, որ պատրաստվում են ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: ”Ասոցացման համաձայնագիրը, որ մոտ ապագայում ստորագրվելու է, ամբողջացրել է Ուկրաինայի ընդդիմությանը, կառավարությանն ու քաղաքացիական հասարակությանը”,-ընդգծեց նա:
Ապա լրագրողները ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեից փորձեցին իմանալ, թե որ երկրի հետ կապված ինչ նախաձեռնություններ են լինելու: Պարոն Ֆյուլեն պատասխանեց, որ դա դեռևս ընթացքի մեջ է, այնուհանդերձ հավակնություններն ու ակնկալիքները մեծ են: Նա նշեց, որ Ուկրաինայի հետ այս համաձայնագրի ստորագրությունը կա, ակնկալիքներ կան, որ նման համաձայնագիր կստորագրվի Մոլդովայի ու Վրաստանի հետ: Կան նաև այլ բնագավառներ, որում համատեղ աշխատանք է սպասվում` ըստ ԵՄ հանձնակատարի: Այդ թվում է նաև վիզաների դյուրինացման գործընթացը: Պարոն Ֆյուլեն այս մասին խոսելով հույս հայտնեց, որ Հայաստանի հետ ևս ակնկալվում է դեպի առաջ ցատկ անել վիզաների դյուրինացման գործընթացում: Այդ ժամանակ նրան ուղղեց ՀՀ արտգործնախարարը` հիշեցնելով, որ Հայաստանի հետ արդեն ստորագրվել է Վիազների դյուրացման մասին համաձայնագիրը: Ֆյուլեն ժպտալով ներողություն խնդրեց և ասաց, որ նման համաձայնագիր նախատեսվում է ստորագրել Ադրբեջանի հետ: