11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Պարգեւատրվեց Սերժ Սարգսյանը

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել շվեդ հայտնի դիվանագետ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հազարավոր հրեաների կյանքեր փրկած Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի կողմից ՀՀ Նախագահ եւ այդ հիմնադրամի պատվավոր անդամ Սերժ Սարգսյանին “Ռաուլ Վալենբերգի 100-ամյակի մեդալով” պարգեւատրման արարողությունը: Միջոցառմանը հիմնադրամի կողմից հետմահու հարգանքի տուրք է մատուցվել նաեւ բժիշկ Հարություն Ռուբենի Խաչատրյանին՝ Հոլոքոստի ժամանակ ցուցաբերած փրկարարական գործողությունների համար:

Նրան նույնպես շնորհվել է «”Ռաուլ Վալենբերգի 100-ամյակի մեդալ”, որը հանձնվել է Հարություն Խաչատրյանի թոռնուհուն՝ Աննա Խաչատրյանին: Ռաուլ Վալենբերգի հիմնադրամի հիմնադիր Բարուխ Թենեմբաումը եւ հիմնադրամի փոխնախագահ Դանիել Ռայներն իրենց ելույթներում ներկայացրել են հիմնադրամի ստեղծման պատմությունը, առաքելությունն ու գործունեությունը՝ ընդգծելով, որ միջազգային այդ հիմնադրամի նպատակն է կրթական ծրագրերի մշակման եւ իրազեկության բարձրացման միջոցառումների շնորհիվ սերմանել քաղաքացիական խիզախության եւ համերաշխության արժեքները` Հոլոքոսթի տարիներին մարդկային կյանքեր փրկած անհատների օրինակով: Հիմնադրամն զբաղվում է պատմական գիտահետազոտական աշխատանքներով, որի մի մասն է կազմում նաեւ Վալենբերգի ջանքերով փրկվածների եւ նմանօրինակ խիզախություն դրսեւորած այլ անձանց մասին տեղեկատվության հավաքագրումն ու հրապարակումը:Հիմնադրամի ներկայացուցիչներն իրենց երախտագիտությունն են հայտնել Հոլոքոսթի տարիներին մարդկային կյանքեր փրկած բազմաթիվ հայերին, որոնց բոլորին հարգանքի տուրք կմատուցվի, մանրամասն կուսումնասիրվի եւ կհրապարակվի նրանց հերոսական կյանքի պատմությունը:

Իր ելույթում Նախագահ Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է Ռաուլ Վալենբերգի հիմնադրամի առաքելությունը, շնորհակալություն հայտնել պարգեւի համար եւ խոսել մարդկության դեմ ուղղված ցեղասպանության հանցագործությունները կանխարգելելու, դատապարտելու ու դրանք սնուցող երեւույթների դեմ պայքարելու նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելու Հայաստանի քաղաքականության մասին:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը “Վալենբերգի 100-ամյակի մեդալով” պարգեւատրման արարողության ժամանակ Հարգարժա՛ն պարոնայք Թենեմբաում եւ Էռնեկյան, Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք, “Վալենբերգի 100-ամյակի մեդալն” ինձ համար ոչ միայն պատվաբեր, այլեւ առանձնահատուկ խորհուրդ ունեցող է: Այն բովանդակում է մարդասիրության եւ ոգու արիության այն վեհ արժեքները, որոնց դավանում է հայ ժողովուրդը: Դրանցով են առաջնորդվել այն հայորդիները, ովքեր չեն համակերպվել եւ չեն հանդուրժել մարդկության պատմության ծանրագույն ոճիրները, սեփական կյանքն են վտանգել՝ հանուն բազմաթիվ մարդկային կյանքերի փրկության:

Դոկտոր Հարություն Ռուբենի Խաչատրյանի պատմությունը ցեղասպանության արհավիրքից մարդկային կյանքերի փրկության հերոսական արարքների մասին վկայող, շատ լավ, բայց բազմաթիվ օրինակներից մեկն է: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի զավակ՝ առանձնահատուկ զգացումներ եմ ունենում յուրաքանչյուր նման պատմություն լսելիս:

Մեծապես արժեւորում եմ այսօրինակ հերոսական պատմությունների վրա լույս սփռելու՝ Ռաուլ Վալենբերգի հիմնադրամի առաքելությունը: Ռաուլ Վալենբերգի եւ նրա նման մարդասերների մասին պատմությունների տարածումը եւ դրանցով սերունդներ կրթելու առաքելությունն առանցքային նշանակություն ունեն ոչ միայն մարդասիրություն եւ մարդկային ոգու արիություն սերմանելու, ցեղասպանությունների զոհերի հիշատակը վառ պահելու տեսանկյունից, այլեւ էապես նպաստում են անցյալը անաչառ գնահատելու եւ, այդպիսով, մարդկության դեմ գործած այդ զարհուրելի հանցագործությունը դատապարտելու եւ կանխարգելելու ջանքերին: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ռաուլ Վալենբերգի հիմնադրամի հիմնադիր պարոն Բարուխ Թենեմբաումին, հիմնադրամի նախագահ, մեր հայրենակից պարոն Էդուարդո Էռնեկյանին եւ, իհարկե, հիմնադրամի ողջ անձնակազմին` իրենց մեծ նվիրումի համար: Շատ շնորհակալ եմ: Հարգելի՛ ներկաներ, Մեր ճակատագիրը պատգամել է մեզ դառնալ ցեղասպանության դեմ պայքարի առաջամարտիկ: Հիրավի, այդ արհավիրքը վերապրած ժողովուրդները յուրահատուկ առաքելություն ունեն նման ողբերգությունների կրկնությունը բացառելու գործում: Մարդկության դեմ ոճիրների կանխարգելման լավագույն բանաձեւը մարդկային պատմության սոսկալի էջերի լուսաբանումն ու համամարդկային արժեքների լույսի ներքո անցյալի գնահատումն է: Հավասարապես կարեւոր եմ համարում նմանօրինակ ոճիրներ ծնող նախադրյալների դեմ պայքարը:

Հայաստանի Հանրապետությունն անում է ամեն հնարավորը ցեղասպանության հանցագործությունները կանխարգելելու եւ դրանք սնուցող երեւույթների դեմ պայքարելու նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելու համար: Տարիներ շարունակ Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում հանդես է եկել ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւեր ընդունելու նախաձեռնություններով: Նաեւ մեր ջանքերով՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից տարբեր տարիների ընդունվել են ցեղասպանության կանխարգելման մասին մի քանի բանաձեւեր: Դրանք նպատակ ունեն միջազգային հանրության մշտական ուշադրության կենտրոնում պահել «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին» կոնվենցիան եւ հիշեցնել մարդկության դեմ ոճիրների վերացմանն ուղղված պետությունների հանձնառությունների մասին: Պատահական չէ, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանն իր նախագահության գերակայություն է սահմանել պայքարը անհանդուրժողականության, խտրականություն եւ ատելություն սերմանող քարոզչության դեմ: Մենք ամոթալի ենք համարում, որ մերօրյա աշխարհում նման երեւույթները շարունակում են ոչ միայն գոյատեւել, այլեւ խրախուսվել կոնկրետ ուժերի կողմից՝ այդ թվում պետական մակարդակով: Մենք պետք է վճռական լինենք աշխարհի ցանկացած անկյունում նման դրսեւորումներն արմատախիլ անելու հարցում:

Ավարտելով խոսքս՝ կրկին երախտագիտության խոսք եմ հղում Ռաուլ Վալենբերգ հիմնադրամին՝ հիշողության պահպանմանն ուղղված գործունեության համար: Եթե մենք այսօր չհիշենք Մեծ եղեռնը, Հոլոքոսթը, չհիշատակենք այդ սոսկալի ոճիրների զոհերին, եթե չհիշենք եւ արժանին չմատուցենք բոլոր նրանց, ովքեր ցեղասպանության ճիրաններից մարդկային կյանքեր են փրկել, ապա մեղսակից կլինենք այդօրինակ սոսկալի հանցագործությունների կրկնությանը: Այս առումով շատ դիպուկ է արտահայտվել հրեական ծագումով ամերիկացի մեծ մտածող Էլի Վիզելը. “Առանց հիշողության չկա մշակույթ: Առանց հիշողության չի կարող լինել քաղաքակրթություն, հասարակություն եւ ապագա”:

Մենք՝ հայերս, ունենք այն խորը համոզմունքը, որ Հոլոքոսթից հնարավոր կլիներ խուսափել, եթե լիներ հայերի դեմ իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության հիշողությունը, եթե այն արժանանար համընդհանուր դատապարտման, իսկ մեղավորները կրեին իրենց արժանի պատիժը: Այս առումով, շնորհակալություն եմ հայտնում Վալենբերգի հիմնադրամին Հոլոքոսթի կողքին Հայոց Ցեղասպանության ժամանակ մարդկային կյանքեր փրկած անհատների եւ կազմակերպությունների մասին տեղեկատվություն հավաքագրելու փորձերի համար: Այս գործի հաջողությունը հատկապես արժեքավոր է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին: Շնորհակալություն”: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ